Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:

Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք խաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
"Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում:

Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ոչ մի անգամ:

Որքան անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:

Չե, ինձ չէիր, չէիր սիրում...
Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ: