1897 թվականին Փարիզի աշխարհագրական ընկերության սրահում աշխարհահռչակ Անատոլ Ֆրանսը, ներկաների ուշադրությանը հանձնելով օրվա բանախոս, սուլթանհամիդյան ջարդերից ջադված և համընդհանուր ապաքինման ճանապարհներ գտնելու համար Պոլսից Ֆարիզ տեղափոխված բանաստեղծ Արշակ Չոպանյանին, ասում է. “Սա մի հայ է, որ պիտի հաղորդի ձեզ իր երկրի մասին: Նա սիրում է Ֆրանսիան և ազատությունը: Նա իր հայկական ընտանիքի հարազատ զավակն է: Եվ վերջապես, նա բանաստեղծ է, որ գիտի արձագանքել ժողովրդի խոհերին… Նա մեզ հայտնի պիտի դարձնի դարերից եկող հայ մտածումը և լսելի պիտի անի բողոքի ձայնը այն ժողովրդի, որ այնքան դարեր, թեև զրկված հայրենիքից, բայց համառում է, տոկում…
Նա իր հայկական ընտանիքի հարազատ զավակն է: Եվ վերջապես, նա բանաստեղծ է, որ գիտի արձագանքել ժողովրդի խոհերին… Նա մեզ հայտնի պիտի դարձնի դարերից եկող հայ մտածումը և լսելի պիտի անի բողոքի ձայնը այն ժողովրդի, որ այնքան դարեր, թեև զրկված հայրենիքից, բայց համառում է, տոկում, շարունակում է հուսալ”:
Մեծ հայասեր Ֆրանսի այս խոսքերը վերաբերում էին դեռևս քսանհինգամյա երիտասարդի օրվա դասախոսությանը միայն: Սակայն այս բնորոշումը իմաստուն մի կանխատեսություն եղավ Արշակ Չոպանյանի ողջ կյանքի համար. կյանք, որ ձգվեց ութ տասնամյակ և ավելի, և որի յուրաքանչյուր օրը, ժամը, վայրկյանը անցավ` լցված այդ նույն առաքելական մտասևեռումով` աշխարհին հայտնի դարձնել դարերից եկող հայ մտածումը և լսելի անել բողոքի ձայնը այն ժողովրդի, որը
Երկար ատեն կմաքառի ու ամբողջ աշխարհի մը կը դիմադրէ…
…Ան կկրե բոլոր մահերն ու չի՛ մեռնիր…
…Ան իր ինքնության դեմ դավաճանելեն նախամեծար կհամարի մարտիրոսությունը,
Ու տառապանքին մեջեն կսպասե արդարության ապագային,
Կը սպասե անոր, վստահ իր հարությանը
Եվ ամբողջ աշխարհի մեջ ազատության հաղթանակին…
Սուրը փշրված է ձեռքին մեջ,
Բազուկները ծանրաբեռնված են շղթաներով,
Զանիկա ստրուկ են դարձուցած,
Ու զայն կծաղրեն,
Կարհամարհեն զայն,
Եվ անոր ճակտին քրտինքը բրտորեն կշահագործե,
Բայց ան ստրուկ չէ, քանի որ հոգին մնացած է ազատ:
Իր շղթայակապ ձեռքերովը
Ան գեղեցկություն կստեղծե,
Արևելեքը կպճնե դյութական պալատներով ու տաճարներով,
Զայն նուրբ քանդակներով ու շնորհալի նկարներով կը կիտվածազարդե,
…Արվեստի պերճությամբ մը պայծառացնե
Իր բարբարոս տերերուն կյանքը կոպիտ,
Ամենեն աղվոր ծաղիկները, ամենեն մաքուր ու մտերիմ ծաղիկներն իր հոգիին
Կը պահե, կզարգացնե, կմշակե
Իր հովիտներուն մեկուսացյալ անկյուններուն մեջ, ծոցն իր շինական խրճիթներուն
ամփոփման
Կամ խորը մենավոր բարձունքներու վրա բունված իր վանքերուն,
Ջերմությանը տակ իր արցունքներուն, իր երազներուն և իր հավատքին…
Սրանք տողեր են Չոպանյանի “Հայկական դյուցազներգություն” լայնաշունչ բանաստեղծության, որը գրված է 17 թվի փետրվարին ֆրանսերեն լեզվով: Դա մեծ եղեռնի օրերին էր, երբ ի տես Սասնա լեռներից մինչև արաբական անապատները ծավալվող զարհուրանքների, աշխարհում շուրթից շուրթ անցնում էր “անօրինակ ողբերգություն, մեծագույնը ողբերգությանց” մրմունջը:
“Ես կըսեմ դյուցազներգություն, մեծագույնը` դյուցազներգությանց”,– հպարտ գոչում է Չոպանյանը` լաց ու ողբի փոխարեն աշխարհի ուշադրությանը պարզելով դարեր շարունակ բարբարոս ուժերի դեմ իր ոգով, իր ստեղծագործ կորովով դյուցազնամարտի ելած մի ժողովրդի հոգևոր պատկերը:
Արշակ Չոպանյանը իր ողջ կյանքով այդ դյուցազնամարտի նվիրյալ զինվորը եղավ, զինվոր, որը վարդագույն արյուն հեղող հակառակորդի դեմ որպես դրոշ ծածանեց “Վարդենիք Հայաստանին”, ճակատամարտեց 60-ից ավելի գեղարվեստական, հրապարակագրական և մանավանդ թարգմանական իր հատորներով, իր` 20000-ի հասնող ամենաբազմազան հասցեներ կրող և բազմաբովանդակ նամակներով, իր` երկրից երկիր և հաստատությունից հաստատություն ցանցվող մշակութայինկապերով, իր` Անատոլ Ֆրանս, Սառա Բեռնար, Զոլա, Ժորես, Բուրդել, Մեյե, Մելարմե, Վերհարն, Բրյուսով և բազմաթիվ ուրիշ մեծություններ ընդգրկող ծանոթություններով, հարազատ ժողովրդի կյանքի բախտորոշ դարձակետերին` իր բերած եռանդուն, բայց և ողջախոհ մասնակցությամբ:
Արշակ Չոպանյանը արտասահմանում այն փոքրաթիվներից է, որ, ի տարբերություն սփյուռքի մյուս գործիչների, գնահատվեց ու մեծարվեց դեռևս իր կենդանության օրոք թե՛ հայ և թե՛ ֆրանսիական շրջանակների կողմից: Երեք անգամ, որոնցից երկուսը Սորբոնի համալսարանի պատերից ներս, մեծահանդես տոնվեցին նրա հոբելյանները, նա ստացավ ֆրանսիական ակադեմիայի զույգ պարգևատրությունները, արժանացավ “Պատվո լեգեոնի խաչ” շքանշանին, մեծարանքի և գնահատութայն թանկագին խոսքեր լսեց հռչակավոր շատ մարդկանցից: Եվ գուցե հենց այդ պատճառով էլ առավել վշտալի է գիտակցել, որ գնահատության այդ համանվագի մեջ ցավագնորեն խոտոր հնչեցին ձայները, որ գալիս էին հայրենի Հայաստանից, որի մասին դեռևս 26 թվին Չոպանյանը ասում է. “Նորածին մըն է Հայաստանը, և անոր ոտքի ելնող տղու քայլերը տեսնելիս է, որ մեզ կհրճվեցնե, մանավանդ, որ այդ քայլերը առույգ և ամուր են ու առողջ և ուժեղ հասակ մը կավետեն”: Սակայն մխիթարականն այն է, որ Չոպանյանը իր մեծ հոգով ու փիլիսոփայի իր ընդհանրացնող մտքով զգաց ու հասկացավ որ այդ խռպոտ ձայները չէին պատկանում հայրենի ժողովրդին, ժողովուրդ, որ միշտ էլ սրտի թաքուն անկյուններում սեր ու ակնածանք պահեց Արշակ Չոպանյանի նկատմամբ: Չոպանյանը զգաց այդ և մինչև կյանքի վերջը բարեկամ մնալով Սովետական Հայաստանին և նրա իրավակարգին` հավատաց, որ վաղ թե ուշ պիտի հաղթանակի արդարն ու ճշմարիտը, որ գալիք մի օր քաղաքամայր Երևանի մտերիմ մի սրահում հայրենիքի գրասեր հասարակությունը պիտի հավաքվի արժանին մատուցելու արժանավորաց, և հայ մշտադալար գրականության նորոգ ներկայացուցիչներից մեկը` անմեղ մեղավորության, ցավի, ուրախության, այլև խոնարհ երախտագիտության խառը զգացումներով պիտի բացի հիշատակի երեկոն` նվիրված հայ ժողովրդի ինքնանվեր զավակներից մեկի` մեծանուն Արշակ Չոպանյանի մահվան տասներորդ տարելիցին: .