Սևերով, սևերով կպատեմ,
Իմ սիրտը, իմ սերը շորորուն,
Ջահերը, ջահերը կմարեմ
Իմ կյանքի, իմ հոգու օրորուն:
Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
ՈՒ մենակ մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:
Դու գնա',դու անցիր քո ճամփեն,
Ցողաշաղ,հուսաշաղ, վեհորեն,
թող ապրե, թող շնչե քո հոգին
Նոր հույզով, անհայտով անմեկին:
Բայց մի օր զղջումի կսկիծով
թե դառնաս քո անցած ճամփեքով,
Եկ ինձ մոտ , ես կելնեմ քո դիմաց
Իմ հոգու խորանի լույսերով:
Իսկ այժմ սևերով կպատեմ
Մոռացված, արնաքամ իմ հոգին,
Լույսերով, հույսերով կսպասեմ
Քո դարձին. իմ կյանքի ծնունդին: