Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն:

Աշխարհի շատ գիտնականներ և պատմաբաններ փորձել են լուծել այն հանելուկը, թե ինչպե ՞ ս փոքրարքանակ և ռազմային ուժ չունեցող մի ժողովուրդ կարողացել է դիմակայել այդքան փորձությունների և ոչ միայն չի դադարել իր գոյությունը այլև վերածնվել է...

Այս հանելուկի լուծումներից մեկը թաքնված է հայ ժողովրդին բնորոշ գծերից մեկում՝ նրա նվիրվածությանը իր մայրենի լեզվին, գրականությանը և հոգևոր դաստիարակությանը:

Այնտեղ, որտեղ ժողովուրդը ի վիճակի չէր հաղթել սրով՝ հաղթում էր գիր ու գրականությամբ, փոխանցելով այն սերնդից սերունդ, դարից դար հույս ու հավատի հետ մեկտեղ:

5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց Այբուբենը, որից այսօր մենք օգտվում ենք:

Առաջին նախադասությունը գրված նոր այբուբենով եղել է “ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”: Նրա մեջ արտահայտված էր ժողովրդի մեծագույն ձգտումը դեպի գիտությունը, որն ընդգրկում էր ոչ միայն իր մշակույթը, այլև ուրիշ ազգերի մշակույթները, նաև սեփական հոգևոր ժառանգությամբ կիսվելու ցանկությունը ...

Սակայն մինչև այբուբենի ստեղծումը, հայերը այնպես էին հղկել և զարգացրել իրենց լեզուն, որ արդեն 5-րդ դարը համարվում է մեր մշակույթի “Ոսկե դարը”:

Հատկապես հենց 5-րդ դարում և քիչ ուշ ստեղծվել են հանրահայտ հայ գիտնականների գրքերն ու աշխատությունները, ինչպիսիք են Մովսես Խորենացին, Կորյունը, Փավստոս Բուզանդը, Ագաթանգեղոսը, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին և ուրիշները:

Հայկական գրականությունը “Ոսկե դարից” հետո աշխարհին տվել է այնպիսի մեծ բանաստեղծների ինչպիսիք են Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Նաղաշ Հովնաթանը և շատ ուրիշներ:
Կարելի է ասել, որ Հայաստանում երբեք չի եղել "պատահական" գրականություն: Հայոց գիրը իր ստեղծման ամենասկզբից դարձել է ժողովրդի ձեռքում մի զենք, որի միջոցով նա պայքարել է իր պայծառ ապագայի համար:
XIX -XX դարերի հին և միջնադարյան գրականության լավագույն ավանդույթները շարունակել և զարգացրել են ժամանակի վառ ներկայացուցիչները, ինչպիսիք են Խաչատուր Աբովյանը և Միքայել Նալբանդյանը, Րաֆֆին և Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Թումանյանը, Գրիգոր Զոհրաբը և Սիամանթոն, Դանիել Վարուժանը և Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը և Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, Ակսել Բակունցը և ուրիշները:

Եկել է նոր սերունդ երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների, որոնք իրենց ստեղծագործություններով նոր ուժ են ներդրել հայ գրականության զանազան ոլորտներում, խորացնելով նրա բովանդակությունը և հարստացնելով նրան: Իսկ նրանց գրչից ծագում են նորանոր վեպեր, բանաստեղծությունների և պատմվածքների նոր հավաքածուներ, որոնք արտահայտում են մեր ժամանակի և դարաշրջանի գեղարվեստական նոր իմաստավորումը, մեր ժամանակակիցների գործերը և սխրագործությունները...

...Ո՞վ կարող է թվարկել մեր հոգևոր մշակույթի անսպառ գանձերը:

Եկեք չմոռանանք թե ով ենք մենք, ինչ լեզվով են խոսել մեր պապերը և ինչ իմաստություն են թողել մեզ...

Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն:

Այս է մեր նպատակը

 

Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա կարող է վերականգնել. սակայն խլեցեք նրա լեզուն, և նա այլևս չի ստեղծի այն: Ժոշովուրդը կարող է ստեղծել նույնիսկ նոր հայրենիք, բայց լեզու՝ երբե՛ք. մահացավ լեզուն ժողովրդի շրթունքներում՝ մահացավ և ժողովուրդը:


(Կոնստանտին Ուշինսկի)

Ներկայիս ժամանակում մեր ազգոթյան ապացույց և նշանն միայն մեր լեզուն է, եթե այն ևս միջիցն բառնանք, էլ հայ չենք:

(Մեսրոպ Թաղիադյան)

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխիր, հավատդ ուրացիր, էլ ը՞նչով կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես:

* * *
Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:


(Խաչատուր Աբովյան)

Լեզուն կորսնցնելե յետեւ եւ մանավանդ անոր հանդեպ անհոգ ըլլալեն ետեւ մէկ ալ ազգային սովորությունք եւ հիշատակք եւ նշանք շուտով կկորսվին:

(Ղևոնդ Ալիշան)

Քանի որ ազգ մը իր լեզուն կպահե, թեպետ եւ ուրիշ ամեն ազգային հատկություններն ալ կորսնցնե, ազգությունը չկորսնցներ, իսկ լեզուն մեկդի ձգելու պես ազգությունն ալ խիստ շուտ կկորսվի:

(Գաբրիել Այվազովսկի)

…Բառերը հայերեն էին, արտասանությունն անգլիական, անուն ազգանունը՝ Հայկարամ Մսըրյան, Լոնդոնից:

Խոսեց: Բառերը եկան, կաթկթեցին դահլիճի շոգ գետնին.

“ Հազար ինը հարյուր քառասունվեցին մենք Բեյրութ կապրեինք, հայրս առաջին անգամն ըլլալով Հայաստան պիտի երթար: “ Հայկարամ, - ըսավ ինձ, - ի՞նչ բերեմ քեզ Հայաստանեն”: “ Հայաստանի բալանին բեր”, - ըսի ես, որ հազիվ չորս տարեկան էի: Երբ հայրս ետ եկավ, իսկույն հարցրի՝ “բերի՞ր”: “ Բերի”, ըսավ հայրս ու ինձի մեկնեց մեր ընատնեկան լուսանկարը, ուր ես էի, հայրս, մայրս: “Մյուս կողմը նայե”, - ըսավ: Նայեցի, բան մը չհասկցա, պզտիկ էի: Հայրս նկարն առավ ձեռքես, կանգնեց սեղանի քով, տեսակ մը հանդիսավոր կեցվածքով. “Սիրելի Հայկարամ,- կարդաց, - Հայաստանի բանալին հայոց լեզուն է, սովորիր և Հայաստանի բոլոր դռները կբացես”, - հայրս լռեց, հիմա լավ կհիշեմ, կուլ տվավ արցունքները ու հատ-հատ տառերով կարդաց այդ խոսքը գրողի անունը՝ Ավետիք Իսահակյան...

...

Հայաստանի բանալին հայոց լեզուն է...

Քսանհինգ տարի առաջ Վարպետի գրած տողը ես արտագրում եմ այն հարյուր-հազարավոր հայ տղաների ու աղջիկների համար, որ հիմա մեծանում են օտարության մեջ:

(Վարդգես Պետրոսյան)