ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐ
1683 - 1768

   Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի (1683-1768, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, կրթական-լուսավորչական շարժման գործիչ, հրատարակիչ: Սովորել է Կ. Պոլսի մասնավոր վարժարանում: 1741-ին գլխավորել է Գումգափուի մայր դպրատունը: Բաղդասար Դպիրը մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը ("Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ զանազան գունով", 1723): Նրա գիտական ժառանգությունից մեզ են հասել "Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ և դիւրիմաց", "Օրինակք բարևագրաց", "Գիրք քերականութեան", "Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան", "Ժամանակագրութիւն" և այլ երկեր:

   Բաղդասար Դպիրը դասավանդել է հայոց լեզվի քերականություն, երաժշտություն: Կ. Պոլսի դպրոցների համար 1736-60-ին կազմել և հրատարակել է մայրենի լեզվի քերականության դասագրքեր (գրաբար և աշխարհաբար): 1720-60-ին մասնակցել է Կ. Պոլսի գրակ-հրատարակչական աշխատանքներին. կազմել է հայագիտական գրքերի գիտահամեմատական բնագրեր, խմբագրել պատմական, փիլիսոփայական, աստվածաբանական գրքեր:

   Բաղդասար Դպիրը ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես և իր ժամանակակից արևելյան ու աշուղական երգարվեստի նկատմամբ:

   Բաղդասար Դպիրից մեզ հասած "Ի նընջմանէդ արքայական" (1707) տաղում զուգակցվում են հայ նոր աշուղական ու հին եկեղեցական դասական երաժշտության մի քանի գծեր: