– “Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜”:
Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:
Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին`
Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին:
Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն:
Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն:
Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ'ածե սըրինգ.
Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք:
Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.
Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին:
Ան սարսափն է բոլոր անոնց` որ կ'ավրեն անդ ու անդաստան.
Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան:
Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ
Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ:
Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ'հալածելով`
Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ'հաղթ ծնոտով:
Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ'աղաղակե.
– “Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜”: