ՓԱՌՔԻ ՏԱՃԱՐԸ

(Դասական Ուղղագրութեամբ)
Մեծագործ ճարտարապետ
Թորոս Թորոմանեանի յիշատակին
Հիւր եղաւ ծեր Մամիկոնեան իշխանին
Բիւզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ,
Եւ խնջոյքի նստած փարթամ սեղանին՝
Գոռոզ կայսրը հայ իշխանին խօսքն ուղղեց.
Տեսայ շքեղ ձեր վանքերը ես հայեր,
Քանդակազարդ պալատները հոյակերտ,
Բայց անպիսի տաճար չունէք որ մրցէր
Սուրբ Սօֆիայի աշխարհալուր փառքի հետ:
Եւ մրցակից չի լինելու աշխարհում
Անձեռակերտ, անգերազանց տաճարին,
Չի´ յաղթելու ոչ մի վարպետ դարերում
Անթեմիոսի, Իզիտօրի հանճարին:
Այդ օրւանից դարձաւ իշխանը թախծոտ,
Մռայլւեցաւ նրա հայացքն արծւենի,
Եւ կանչեց նա մի առաւօտ իրեն մօտ
Երկրում յայտնի ճարտարապետ Յովնանին:
Եկաւ կանգնեց ճարտարապետը խոհուն,
Խոնարհւեցաւ ծեր իշխանի հանդիման,
Աչքերի մէջ նւիրական ցանկութիւն՝
Կատարելու իշխանական հրաման:
--Բարձրացրու,-- ասաց իշխանը նրան,--
Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար,
Սուրբ Սօֆիաի կերտւածքից էլ աննման,
Որ Խափանւի Բիւզանդ կայսեր լեզուն չար:
Թող այդ լինի յաւերժական մի կոթող
Հայոց հոգին մարմնաւորող քարերով,
Որ դարերում մեր սերունդները եկող,
Հպարտ զգան նախնիքների գործերով:
Լսեց Յովնան ճարտարապետն իշխանին,
Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում,
Առաւօտեան արեգակի ծիրանին
Թւաց ուրախ իր սրտից է բարձրանում:
--Պատրաստ եմ քո հրամանին տէր իշխան,--
Ասաց Յովնան ճարտարապետը խոնարհ--
Սուրբ Սօֆիաի կերտւածքից էլ աննման՝
Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար:
Եւ գնաց նա որոնելու շքեղ ձեւ,
Ընտիր քարեր հայրենական լեռներում,
Գոյներ, զարդեր եւ արծիւներ սրաթեւ,
Որ ամոռաց մնան յաւերժ դարերում:
Եւ մի անգամ, երբ քանդակել էր արփին
Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց,
Տեսաւ Յովնան Ճարտարապետն այդ պահին
Արարատի պերճ վեհութիւնն իր դիմաց:
Փայլում էր նա արեգակի ցոլքերում
Եւ երկնասոյզ իր կատարով ձիւնափառ
Փիրուզափալ կամարներն էր սլանում,
Որպէս լոյսից կերտած չքնաղ մի տաճար...
Նայեց Յովնան ճարտարապետն արբեցած
Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի
--Միթէ՞ վեհ չէ այս կերտւածքը, ով ալստւած,
Բիւզանդիոնի սուրբ Սօֆիաից աւելի:
Եւ թափանցեց լեռան զանգւածը մտքով,
Հիւսեց այնտեղ հարկեր, սիւներ, կամարներ,
Տեսաւ հոգում Արարատի կեծւացքով
Բոլորաձեւ մի տաճարի վեհ պատկեր...
Եւ տուն դարձաւ ու մի գարնան առաւօտ,
Երբ արեւը նայեց հայոց աշխարհին,
Ծաղկաւորւած այգիների ճամփի մօտ
Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին:
Եւ մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն՝
Փլեց շինւածքն, եղաւ հողին հարասար...
Անհուն վշտով լցւեց հոգին Յովնանի
Ու գործ դրեց ամէն շնորհք ու հնար,
Աղօթեց նա, որ չարն աստւած խափանի,
Բայց փրկութեան ոչ մի յոյսի շող չկար:
Եւ եօթն անգամ եօթը ցերեկ շարեցին,
Եւ եօթն անգամ եօթ երեկոյ նա փլեց,
Եւ մշակները տխրութեամբ գնացին,
Եւ Յովնանին անյուսութիւն պաշարեց:
Ու մտասոյզ շրջում էր նա դաշտերում,
Քաշւում էր խորքը ստւերոտ անտառի,
Նրա անյոյս վշտամորմոք խոհերում
Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի:
Եւ մի գիշեր երբ անտառում յոգնաբեկ
Ննջում էր նա գլուխն յենած մի քարի,
Հասաւ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ,
Եւ հնչիւններ հեծկլտացող բնարի:
--Մենք ենք կերտել սուրբ Սօֆիաի փառքն անհուն,
Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր,
Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն,
Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սէր:
Չի բարձրանայ, թէ չլսես մեր ձայնին
Քո տաճարը ոչ մի կանգուն դէպի վեր,
Պիտի թաղես քարերի տակ կենդանի
Քո սիրելի էակն իբրեւ սիրտ ու սէր...
Ու սարսափից Յովնանն իսկոյն արթնացաւ,
Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդէն առաւօտ,
Վեր կացաւ նա, հոգում անհուն վիշտ ու ցաւ,
Գնաց սիրտը բանալու, ծեր իր հօր մօտ:
--Ինձ տար, որդի, -- ասաց նրան հայրը ծեր,--
Չեմ ցանկանայ կեանքս քեզ վիշտ պատճառի.
Թող բարաձրանայ շէնքն անխափան դէպի վեր,
Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին...
Եւ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած,
Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում,
--Պէտք չէ սգալ հարազատին,-- հայրն ասաց,--
Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում
Ու մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն
Փլեց շինւածքն եղաւ հողին հաւասար:
Ու Յովնանն արցունքն աչքին հեռացաւ,
Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին,
Եւ քուն մտաւ կրծքին ճնշող նոր մի ցաւ,
Ու անձնատուր եղաւ կրկին երազին:
Եկան նորից ձիւնագանգուր ծերերն այն
Ու տխրադէմ կանգնեցին իր սնարին,
Մէկն իր քնարն էր նւագում մեղմաձայն,
Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին:
Չես տւել քո սիրտն ու սէրը բովանդակ,
Լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ.
Չի բարձրանայ քո տաճարը ոչ մի շարք՝
Թէ չթաղւի նրա հիմքում սիրտ ու սէր...
Եւ յուսահատ Յովնանն բարձր հեկեկաց,
Ու արթնացաւ հոգին մռայլ, սիրտն ամպոտ,
Վեր կացաւ նա ու դէպի մայրը գնաց՝
Պատմի իր վիշտն ու լաց լինե նրա մօտ:
--Ինձ տար, որդի,--ասաց մայրը ալեհէր,--
Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին,
Թող բարձրանայ շէնքն անխափան դէպի վեր,
Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:
Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ,
Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում,
--Պէտք չէ ասաց,-- սգալ մօր մահը, որդեակ,
Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում:
Ու մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Բայց երբ նորից իջաւ կապոյտ իրիկուն
Փլեց շինւածքն եղաւ հողին հաւասար:
Եւ Յովնանի սիրտն անսփոփ մղկտաց,
Չկայ ոչ հայր, չկայ ոչ մայր... դատարկ տուն...
--Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով աստւած...
Ու սրտաբեկ, անմխիթար մտաւ քուն:
Ու երազին նորից եկան ծերերն այն,
Եւ գունատւած, կանգնեցին իր սնարին.
Մէկն իր քնարն էր նւագում, մեղմաձայն,
Մէկն իր երգով, ձայնակցում էր քնարին:
Չես տւել քո սիրտն ու սէրը բովանդակ,
Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ.
Չի բարձրանայ քո տաճարը ոչ մի շարք՝
Թէ չթաղւի նրա հիմքում սիրտ ու սէր
Ճչաց Յովնանն ու արթնացաւ նւազած,
Շուրջն առաւօտ, ծերունիները չկան,
Վեր կացաւ նա, դառն հեկեկաց ու գնաց՝
Տառափանքն իր պատմի սիրած աղջկան:
--ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր,--
Սիրել եմ քեզ՝ տէր եմ եւ քո դժւարին.
Թող բարձրանայ շէնքն անխափան դէպի վեր,
Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:
Եւ երբ ծածկում էին քարերը նրան,
Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում,
--Պէտք չէ ասաց,-- սգալ սիրած աղջկան,
Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում:
 
Եւ մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Եւ քարտաշները տաշեցին աննկուն,
Ու բարձրացան քարաշարքերն անվթար:
Եւ եօթն անգամ, եօթը ամիս շարեցին,
Եւ եօոն անգամ, եօթը ամիս բարձրացաւ,
Եւ սիւները կուռ կամարներ պահեցին,
Եւ գմբէոը դէպի երկինք խոյացաւ:
Ու վեհանիստ կամարներին, սիւներին
Քանդակեցին սլաթռիչք արծիւներ,
Եւ ողկոյզներ՝ խոյակների կատարին,
Եւ տերեւներ ու եղնիկներ ու զարդեր...
Ու վեհասլաց, բոլորաձեւ կեծւացքով,
Ինչպէս վսեմ Արարատը ձիւնափառ,
Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով
Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար...
Հրճւեց Յովնան ճարտարապետը հոգով՝
Մարմնաւորւած իր երազով գեղանի,
Եւ ներշնչումն իր հոյաշէն հմայքով
Մատուցանեց Մամիկոնեան իշխանին:
Եւ հմայւած նայեց իշխանն ալեհէր,
Հոգին ձուլւեց կարծես ամէն մե քարի,
Ու Բիւզանդիոն կայսեր գրեց հրաւէր՝
Շնորհ բերի օծման փառքի տաճարի:
Եկաւ, նայեց Կոստանդիանոսը տարւած,
Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի
-- Մի՞թէ վեհ չէ այս կերտւածքը, ով աստւած,
Բիւզանդիոնի սուրբ Սօֆիաից աւելի:
Խնդաց հոգին Մամիկոնեան իշխանի,
Իսկ փառամոլ կայսրը տւեց հրաման.
--Պիտ Բիւզանդիոն ճամփել ինձ հեը Յովնանին
Կառուցելու հար եւ նմանն իմ անւան:
Տխրեց: գմբէթն ելաւ Յովնանն անվարան,
Ու ձայն տւեց,-- յայտնի լինի թող կայսրին,
Հայոց փառքի շքեղ տաճարն աննման,
Հայոց երկրից պիտի նայի աշխարհին...
Եւ գմբէթից իրեն թափով նետեց ցած,
Մեռաւ, սիրտն ու սէրը տւած քարերին,
Ու նրանից փառքի տաճարը մնաց
Որպէս աւանդ սերունդներին, դարերին...
1944 թ.