ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԹԵԱՆ ԲԱՆ Ա Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՕՍՔ ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ

Ա
Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եւ իմ սասանուած մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նուէրն այդ դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուռվարով առաքում եմ քեզ:
Սակայն կը նայես նրան, ո՜վ գթած,
Ու կը հոտոտես աւելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանուէր,
Որ մատուցուում էր ծխով թանձրաբարդ
Ընդունիր հիւսուածքն իմ այս կարճառօտ ու սեղմ խօսքերի
Բարեհաճօրէն, ոչ թէ բարկութեամբ:
Մտքիս խոհածուփ սենեակի խորքից
Սրտիս անձկութեամբ ելած կամաւոր նուէրն իմ այս թող,
Որպէս բանական զոհաբերութիւն,
Ողջակիզուելով պարարտակուտակ ճարպիս զօրութեամբ,
Բարձրանայ ու քեզ հասնի անյապաղ:
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզօր,
Թող քեզ տաղտկալի չթուայ յանկարծ,
Ինչպէս ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Յակոբի ցեղի,
Ըստ մարգարէի ամբաստանութեան,
Կամ թէ սաղմոսի առակում յիշուած
Անիրաւութիւնն այն Բաբելոնի,
Ընդունելի թող լինի կամքին քո,
Ինչպէս Սելովի խնկաբուրումն այն՝ Դաւթի խորանում,
Կերտուած հանգիստ սուրբ տապանակի,
Որն իր վերստին գերեդարձութեամբ
Ասես նաեւ իմ կորուսեալ հոգու
Վերագտնումն է խորհրդանշել:
Բ
Հնչում է ահա ուժգնապէս ձորում վրէժխնդրութեան՝
Ձայնը ահաւոր քո դատաստանի,
Երկնելով իմ դէմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում,
Այժմ իսկ զգում եմ արդէն անձիս մէջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եւ չար ու բարի խորհուրդներն ահա խմբուած բազմութեամբ,
Սպառազինուած զէնք ու սուսերով՝
Բախուում են իրար ոսոխների պէս,
Դարձնելով համակ ինձ մահուան գերի,
Ըստ հին դիպուածի, երբ շնորհքը քո դեռ ինձ չի հասել:
Առաքեալներից Պօղոսը ընտրեալ
Մովսէսի օրէնքն համեմատելով այդ շնորհի հետ՝
երադասում է փրկագործումը Քրիստոս Աստուծոյ:
Բայց եթէ, ինչպէս իրքն է վկայում,
“Մօտ է Տիրոջ օրն”, երբ արդարութեան ժամադրավայր
Յովսափաքի այն նեղանձուկ հովտում
Եւ հեղեղատի ափին Կեդրոնի
Փոքր հանդէսներում՝ երկրային կեանքի օրինակներով
Հանդերձեալները պիտի պատկերուեն,
Ապա ուրեմն հասել է արդէն նաեւ ինձ վրայ
Դատաստանն արդար մարմնացած Աստուծոյ,
Որը գտնելով ինձ վնասապարտ՝
Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,
Որոնք ուղղախօս ամբաստաններ են,
Պիտի դատի ինձ աւելի սաստիկ,
Քան մի ժամանակ նրա բարձրացրած ձեռքն հարուածելով՝
Եդովմայեցի ու փղշտացի
Եւ այլ բարբարոս ազգերի պատժեց.
Քանի որ նրանց պատուհասները կարճատեւ եղան,
Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի եւ ո՛չ էլ վախճան.
Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէի ու առակողի,
Դրանս հասած, տագնապելով ինձ,
ծագրում են այստեղ իսկ ամօթն յաւիտենական:
Արդ- դու միայն դու կարող ես դեղեր հրաշագործել,
Կեանք տալու համար այն հոգիներին,
Որոնք մատնուել են ամենավարան
Վտանգների ու տարակուսանքի,
Ամենաքաւի՜չ, անպատում փառքով յաւիտեան գովեալ՝
Անհասանելի քո բարձունքներում: