Ոչ թե հողով
ու հացով,
Այլ քարերով
ես հարուստ,
Քարին քնար
քանդակող
Հանճարներով
ես հարուստ։
Մագաղաթով,
հավատով,
Բաց ճակատով
և անգամ
Քո մեծ երթից
բացակա
Քո սարերով
ես հարուստ։
Բյուրականիդ
բարձունքից
Քո այդ վճիտ
հայացքով
Անեզրության
ծալքերում
Թափառելով
ես հարուստ։
Հոգուդ լույսերն
անսպառ
Բաժանելով
ամենքին,
Ամենքի լավն
ու բարին
Քեզ խառնելով
ես հարուստ։
Եվ այն խոսքով,
որով դու
Աշխարհներ
ես կաշառել,
Եվ դեռ չասված
խոսքերիդ
Պաշարներով
ես հարուստ։