ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏՈՒՆ

Զանգեզուրում կա մի գետ,
Որ խոսում է ափի հետ,
Հոսում օրնիբուն...
Գետի ափին այն վճիտ
Կա անպաճույճ մի խրճիթ,
Գեղջկական մի տուն։
Կտուր ունի նա ծաղկած
Եվ պատի տակ թեք ընկած
Մի գերանացու...
Բակում թփեր կան վարդի,
Խանում-խաթուն մի բարդի
Ու երեք ածու։
Որքան հեռու եմ գնում,
Եվ ուր որ էլ ոտք դնում՝
Սերով մի անանց,
Իմ հուշերի թևերով,
Հազար ու մի ձևերով
Փարվում եմ նրանց։
Մտքով մանուկ եմ դառնում,
Ուրախ կանչերս խառնում
Բարդու սոսափին,
Կամ նստում եմ մի քարի,
Ունկնդրում ծիծառի
Թևերի ծափին։
Այն իմ տունն է հեռավոր,
Օտարն անգամ գիտե, որ
Կապված է հավետ
Մի խաղ, մի սեր, մի երազ
Մի թրթռուն սրտի մաս
Ամեն քարի հետ։
Երբ հիշում եմ, ամեն քար
Դառնում է ողջ մի աշխարհ,
Մի ողջ մանկություն...
Ախ, տեսնես ի՞նչ է անում
Ով որ չունի աշխարհում
Հայրենական տուն։