Իմ երազների
ծվենները տաք
Եվ ես թողել էի
Բարձունքի ծաղկած ծառերի վրա:
Հովերը եկան, հովերը տարան,
Հողմերին տարան
Իմ երազների ծվեննրը տաք:
Եվ ես իզուր եմ որոնում հիմա
Իմ երազների ծվենները տաք՝
Բարձունքի ծաղկած ծառերի վրա:
Եվ ծառերի տակ:
Իմ ծիծաղների ծփանքները տաք
Ես թողել էի
Գետափի կապույտ քարերի վրա:
Անձրևը եկավ, անձրևը տարավ,
Ծովերին տարավ
Իմ ծիծաղների ծփանքները տաք:
Եվ ես իզուր եմ որոնում հիմա
Իմ ծիծաղների ծփանքները տաք ՝
Գետափի կապույտ քարերիվրա
Եվ քարերի տակ:
Իմ արցունքների հատիկները տաք
Ես թողել էի
Գերեզմանոցի սալերի վրա:
Մազարմատներ են արձակել նրանք
Ծլել են նրանք- սև սալերի մեջ,
Եվ կանաչ- կանաչ մամուռ են դարձել
Իմ արցունքների հատիկները տաք՝
Գերեզմանոցի սալերի վրա
Եվ սալերի տակ:
....................................................
Մաշված այն կածանի բարակ թելը մնաց.
Քարափների կողին ու ծնկների վրա:
Իմ առաջին սիրո առասպելը մնաց
Առուների կապույտ շրթունքների վրա:
Հիմա, երբ հոգնած կամ հարբած եմ լինում՝
Ամպի նման նստած բարձունքների վրա,-
Առուներ ու կածան հանկարծ լաց են լինում
Իմ այն մաքրամաքուր արցունքների վրա: