Էլ սիրտս ինչպես
բախտավոր մնար,
Թե ինքը իրեն
բացել չիմանար։
Էլ սիրտս ինչպես
բախտավոր մնար,
Թե լացիդ վրա
լացել չիմանար։:
Էլ սիրտս ինչպես
բախտավոր մնար,
Թե ձեռքդ մթնում
բռնել չիմանար։
Էլ սիրտս ինչպես
բախտավոր մնար,
Թե բախտիդ համար
մեռնել չիմանար։:
Էլ սիրտս ինչպե՞ս
բախտավոր մնար,
Եթե չիմանար
հալվել, հրկիզվել
Գեթ մի աննշան
մասունքիդ համար։:
Եվ հավետ պիտի
մնար մեղավոր,
Թե սիրտս իրեն
չզգար մեղավոր՝
Թեկուզ մի կաթիլ
արցունքիդ համար: