Մեկից մի սոխ,
մեկից մի հաց
գողանում,
Գնում էինք
Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ,
բոկոտն ընկնում
սար ու ձոր՝
Շրջում էինք՝
անգիտությամբ
բախտավոր։
Աշխարհն, ասես,
սարի հետեւ,
վերջանում...
Իջնող արեւն
իրեն հետ էր
մեզ տանում...
Չգիտեինք՝
ո՞վ էր ժպտում,
ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ
հաց, ո՞վ մեր
աչքին լաց
տալիս...
Չգիտեինք,
թե ո՞ւմ կուրծքն
էր զարդարում
Ձնծաղիկը,
որ մենք էինք
միշտ բերում...
Չգիտեինք՝
աշխարհն ի՞նչ
էր, մարդն ի՞նչ
էր,
Մենք՝ դարդի
մեջ, չգիտեինք՝
դարդն ինչ
էր...
Ա՜խ, դեռ մանուկ
մենք ծերացած,
գլխիկոր
Շրջում էինք՝
անգիտությա՜մբ
բախտավոր...