ՎԵՐՋԵՐԳԱՆՔ “ԱՆԻ” ՊՈԵՄԻՑ

(Նոր Ուղղագրությամբ)

  Իմ Ախուրյանի այն ափին ընկած՝
Անին վիրավոր եղնիկ է կրկին,
Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝
Չեն թողնում անգամ լեզու տա վերքին:
Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրավոր,
Չի կարող լիզել կաթող արյունը վերքի դարավոր, -
Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս,
Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -
Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս,
Լուսնի մահիկը՝ որպես իր արնոտ աղեղը ձեռքին,
Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,
Ոչ սպանում է, ոչ կյանք է տալիս մորս վիրավոր..

2

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝
Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ:

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,
Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ:

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝
Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,
Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,
Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից
Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին“ վեր պարսպեմ:

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-
Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ:

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,
Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:

3

Ախուրյանն է քեզ մայրական օրոր,
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի',
Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր,
Անի', միթե՞ մեր քունն ես դու, Անի':

Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ,
Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի',
Չի մնացել քարդ քարիդ վրա,
Անի', բայց դու գոհար ես դու, Անի':

Հայ արվեստի դու փշրված Մասիս՝
Անմահության աճյունն ես դու“ Անի',
Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝
Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի':

Քո արծվազարդ մի խոյակից անգամ
Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի',
Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ,
Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի':

Անի', հայոց անսպին ես դու դեռ,
Հայոց վշտի անունն ես դու, Անի',
Հորս կորած գերեզմանն ես անմեռ,
Անի', մորս մրմուռն ես դու“ Անի':

Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝
Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի',
Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե'ր, բացվե'ք-
Պապերիս հող մասունքն ես դու, Անի':

Անի', ողբ է օրորն Ախուրյանի,-
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի',
Բա'վ է քնես քնով սրտակեղեք՝
Հազարամյա մեր քունն ես դու, Անի'...

Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,
Անի', երգիս ղողանջն ես դու, Անի',
Պիտի հնչես, շատ չես մնա վայոց,
Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի