ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ:
Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք.
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք:
Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի:
Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին...
Վարի՛, վարի՛, իմ գութան:
Ձեռըս պակաս, ուըժս հատած,
Հազար ու մի ցավին տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ:
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ: