Ծանուցումներով հեղեղված լրագրեր ու
շենքեր շաղակրատ-
շարժանկարի պես հա՜ թրթռում են օրվա պատերին.-
կորել է
ազատության մեկնած համայնքը
հակառակության երկար բավիղներում,
կորել է
գողտրիկ երկիրը գերտերերի ու ազգ. ջոջերի
պոկերներում ու առուփախում,
կորել է
քաղաքը տրտմության ծանր մառախուղի մեջ,
կորել է
ընդոծիների անարատ ժպիտը
հաշտարարների գոլ դիմախաղերում,
կորել է
աստղը հավատի՝ ատելության ու քամահրանքի
անծայր սարահարթում,
կորել է
անեղծ ասացողը ամբոխավարների քրքիջի տակ,
կորել է
տարեցների համբերությունը
նորելուկների երթուդարձում,
կորել է
Տեսանողի նոթատետրը կինոկաճառի հանդիսասրահում,
կորել է
լայնածիր հոգին
հրավառության մեջ փոքրոգության,
կորել է
Անկեղծության տաճարի կլոր կնիքը,
կորել է
Ա. Հովհաննեսի սիրո վկայականը,
կորել է
գարնան լուսանկարը
սառչող երազների դողէրոցքում,
կորել է
ապագայի արծաթե բանալին
ներկայի նկուղներում,
կորել է
ոստաններիս զվարթությունը՝
պատմության շուրջօրյա խաղատներից,
կորել է
Հայրենիքիս անձնագիրը
անգետ ատյաններում միջազգային,
կորել է
արդարության մանրակերտը Համերաշխության թանգարանից,
կորել է
բանաստեղծություն մեծարողների խայտուն թափորը
ստահոդության ամեհի հորձանքում ...