Ծաղիկներեն
հուշիկ թերթեր
կը թափե
Բուրումներով
օծուն հովիկն
իրիկվան,
Հոգիներուն
կ’իջնե երազ
մը բուրյան,
Ի՜նչ հեշտին
է մըթնշաղն
այս սատափե:
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատըրվանին կ’իջնե գուռին մեջ կաթե:
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Նըվագն անոր կը հեծեծե հեշտական:
Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե…