< 1 > ՓՈՇԻՆ
Ռուբեն Զարդարյանին
Շարքովն եզերված բարտիներու հոծ
Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ,
Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ,
Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ:
Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր
Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա.
Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա
Նենգություններուդ, դավերուդ անլուր:
Եվ ինչպես հովը կը քալե արագ,
Փոշիի անթիվ ամպերուն բոլոր
Ցրվելով խառնակ տարրերը մոլոր,
Տիրապետումի հույզերով վայրագ:
Արհամարհանքիս հովն ալ անխընա
Պիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ,
Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդ
Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա:
< 2 > ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ
Քերթողի վառ խանդով գրված
Քառյակներեն ավելի,
Ես կը սիրեմ նրբակազմած,
Գունեղ քառյակը ծաղկի:
Նկարագեղ ոճով գծված
Պատկերն հուզիչ է նվազ,
Քան դաշտերե լայնատարած
Քաղված ծաղիկն հեշտանազ:
Հո՛ն, բաժակին մեջ ծաղիկին
Ոսկեփոշի թևով գեջ,
Սիրով պատած սիրտի մ’անգին
Կ’առնե պատկերն ելևէջ:
Այդ պատկերը շատ ավելի
Հուզիչ է` քան քերթողին
Հույզով մ’անհուն, անպատմելի
Գրած տողերն քառյակին:
< 3 > ՄԵՐԺՈՒՄ
Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ,
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,
Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր.
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ
Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ
Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ.
Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:
Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր,
Այդ “ոչ”ըդ սուր սիրտես սորեց արյուններ.
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին
Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.
Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի
Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի:
1902, Սվազ
1903