(Սիրերգ)
Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան`
Ցուրտ սարսուռով, լույս-հույզերով պարուրված,
Հըպումով մը ազդու` եկան ու անցան,
Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած:
Այդ բոցերը փայլեցան հոս մըշտարծարծ,
Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին,
Անէացած, խելահեղած հեղակարծ`
Պըլլվեցա հիշատակիդ առանցքին:
*
* *
Անցար, գացիր, բայց թողուցիր արյունող
Ասղընտունքը տագնապահույզ լըքումիդ.
Բոց սերեն վերջ` լըքումի վիշտը մրրկող:
Չէ՛, մի՛ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր`
Սըրտիս` որ դեռ չէ՛ վարժըված աներկմիտ
Մոռացոնքին: Ան չի կըրնար սառիլ դեռ:
1902