Կը խամրին
աշնան ծաղիկներ
տըժգույն.
Լըքված, անտերունջ
հոգիներուն
պես.
Կը ցընդի անոնց
բույրն անույշ
ու վես,
Հոգեվարք սիրտի
հուսկ շունչին
հանգույն:
Գոս տերևներուն հետ, արագ արագ,
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.
Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն,
Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ:
Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ
Կը մարին գոգը ամպին մըթագույն.
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն,
Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ:
Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն
Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ,
Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ
Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…
< Բերա, 1903 >