Նորի՛ց
մեջս խոսեց
ֆրանսիացին...
Եվ ակամա, նորի՜ց,
ես չանսացի
Իմ պապերի
ձայնին` խոհեմությա՛ն,
Հայր Սուրբ
Խոհեմության,
Որին պիտի
Հիմա խոստովանեմ
իմ մեղքերը:
Հա՛յր Սուրբ,
Ես կուզեի
կյանքի˜ս գնով
Ջնջել "զգույշ"
բառը:
Մեծ մե՞ղք
է սա:
Հա՛յր Սուրբ,
ես կուզեի
դարձնել կանոն
Անկանոնությունը:
Մեծ մե՞ղք
է սա:
Կարելի չէ՞,
Հա՛յր Սուրբ,
որ ոտքերը,
Գեթ ոտքե՛րը
լինեն ինքնագլուխ,
Գեթ ոտքե˜րը,
Հա՛յր Սուրբ,
ո՛չ գլուխը...
Թե՞ մեծ մեղք
է դա էլ:
Եվ մահի չափ
հոգնած մի
կա˜րճ պահի
Կարելի չէ՞
արդյոք "մարդ
եմ" բառին
Չհագցընել
ոչ մի նեղ ածական...
Թե՞ մեծ մեղք
է դա էլ:
Հա՛յր Սուրբ,
եթե մարդը
հավատացյալըդ
չէ.
Որտե՞ղ պիտի
նա իր մեղքը
խոստովանի:
Խո՛ս-տո՛-վա՛-նո՛ւ-թյա˜ն
եմ կարոտ, Հա՛յր
Սուրբ`
Չներվելո՛ւ
գնով
Եվ բանադրվելո˜ւ:
Որտե՞ղ խոստովանեմ,
Եվ ո՞ւմ խոստովանեմ,
Հա՛յր Սուրբ
Խոհեմություն
... Ո՛չ սուրբ
և ոչ էլ հայր..