Ա՜խ, ես գիտե՛մ,
չէ՜իր սիրում,
Հիմա գիտեմ ես
անկասկած...
Վազվզում ենք
մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ
ու թաց:
Հետո նստում
ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ
ենք քաղում
Եվ այդ ծանոթ
երեքնուկով
“Սիրում-սիրում”
անվերջ խաղում:
Անուններում
երեք հոգու
Եվ դու կաս միշտ,
և ե՛ս միշտ կամ
Քո անունն եմ
ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ո՜չ
մի անգամ:
Որքա՜ն անգամ
եմ ես վանել
Տխուր մտքերն
ինձնից հեռու
Եվ վախեցել եմ
միտք անել,
Որ դու... որ դու
ինձ չես սիրում:
Չէ՜,ինձ չէի՛ր,
չէի՛ր սիրում...
Թե չէ – ի՞նչ է,
բա՞րդ էր այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ
մեկ անգամ: