Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա'ծ,
Իմ փառապա'նծ:
Հների մեջ`
դու ալեհեր,
Նորերի մեջ`
նոր ու ջահել.
Դու` խաղողի
խչմարված վազ,
Վշտերդ` ջուր,
ինքդ ավազ.
Դու` բարդենի
սաղարթաշատ,
Առուն ի վար
փռված փշատ.
Դու` կիսավեր
ամրոց ու բերդ,
Մագաղաթյա
մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր
տաճար,
Կոմիտասյան
ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց
խորունկ ձորում,
Դու` հորովել
անուշ ծորուն,
Փայլ գութանի
արծաթ խոփի.
Դու` նե'տ, նիզա'կ,
մկո'ւնդ կոպիտ,
Դու` հայրենի
ծխանի ծուխ,
Դու` անգի'ր
վեպ, դու Սասնա
ծո՜ւռ...
Իմ փառապա'նծ,
Իմ տառապա'ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի
շտեմարան,
Ոսկևազյան
գինու մառան.
Դու` թավշե
դեղձ, դու` փրփուր
հաց,
Արտաշատյան
խաղող սևաչ.
Դու Սևանի
վառվող կոհակ.
Երևանի սյուն
ու խոյակ.
Դու` հանգրվան,
կանչող փարոս,
Դու հայկական
գերբ ու դրոշ.
Խոսուն վկա
կոտորածի
ՈՒ վճիտ աչք
ցամքած լացի.
Արդարության
ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան
-
Միշտ հի'ն ու
նո'ր իմ Հայաստան:
11.XI. 1950
Երևան