Արի', ի'մ
սոխակ, թո'ղ
պարտեզ մերին,
Տաղերով քուն
բե'ր տըղիս
աչերին.
Բայց նա լալիս
է. դու, սոխակ,
մի' գալ.
Իմ որդին չուզե
տիրացու դառնալ:
Ե'կ, աբեղաձա'գ,
թո'ղ արտ ու
արոտ,
Օրորե' տըղիս,
քընի է կարոտ.
Բայց նա լալիս
է. դու, ձագուկ,
մի' գալ,
Իմ որդին չուզե
աբեղա դառնալ:
Թո'ղ դու, տատրակի'կ,
քու ձագն ու
բունը,
Վուվուով տըղիս
բե'ր անուշ
քունը.
Բայց նա լալիս
է, տատրակի'կ,
մի՜ գալ,
Իմ որդին չուզե
սըգաոր դառնալ:
Կաչաղա'կ ճարպիկ,
գող, արծաթասեր,
Շահի զըրուցով
որդուս քունը
բեր.
Բայց նա լալիս
է, կաչաղա'կ,
մի' գալ.
Իմ որդին չուզե
սովդաքար դառնալ:
Թո'ղ որսըդ,
արի', քաջասի'րտ
բազե,
Քու երգը գուցե
իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ`
որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի
ձայնով քնեցավ: