Նվեր Գևորգ
Քանանյանին
Մայր Արաքսի
ափերով
Քայլամոլոր
գընում եմ,
Հին-հին դարուց
հիշատակ
Ալյաց մեջը
պըտրում եմ:
Բայց նոքա
միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով
եզերքին
Դարիվ-դարիվ
խըփելով
Փախչում էին
լալագին:
Արա'քս, ինչո՞ւ
ձըկանց հետ
Պար չես բռնում
մանկական,
Դու դեռ ծովը
չի հասած
Սըգավոր ես
ինձ նըման:
Ինչո՞ւ արցունք
ցայտում են
Քու սեգ, հըպարտ
աչերից,
Ինչո՞ւ արագ
փախչում ես
Այդ հարազատ
ափերից:
Մի' պըղտորիլ
հատակըդ,
Հանդարտ հոսե'
խայտալով,
Մանկությունը
քու կարճ է՝
Շուտ կհասնիս
դեպի ծով:
Վարդի թըփեր
թո'ղ բըսնին
Քու հյուրընկալ
ափի մոտ,
Սոխակները
նոցա մեջ
Երգեն մինչև
առավոտ:
Մըշտադալար
ուռիներ
Սառ ծոցի մեջ
քու ջըրին,
Ճկուն ոստըն
ու տերև
Թող թաց անեն
տապ օրին:
Ափերիդ մոտ
երգելու
Հովիվք թո'ղ
գան համարձակ,
Գառն ու ուլը
քու վըճիտ
Ջուրը մըտնին
միշտ արձակ:
Մեջքը ուռցուց
Արաքսը,
Փրփուր հանեց
իր տակից,
Ամպի նըման
գոռալով,
Էսպես խոսեց
հատակից.
- Խիզա՜խ, անմի'տ
պատանի,
Նիրհըս ինչո՞ւ
դարևոր
Վրդովում ես,
նորոգում
Իմ ցավերը
բյուրավոր:
Սիրելիի մահից
հետ
Ե՞րբ ես տեսել,
որ այրին
Ոտից գըլուխ
պըճնվի
Իր զարդերով
թանկագին:
Որի՞ համար
զարդարվիմ,
Որի՞ աչքը
հրապուրեմ,
Շատերն ինձ
են ատելի,
Շատերին՝ ես
օտար եմ...
Կար ժամանակ,
որ ես էլ,
Շըքեղազարդ
հարսի պես,
Հազար ու բյուր
պըչրանքով
Փախչում էի
ափերես:
Հատակըս պարզ
ու վըճիտ,
Կոհակներըս
ոլորուն,
Լուսաբերը
մինչև այգ
Ջըրիս միջին
էր լողում:
Ի՞նչըս մընաց
էն օրից,
Ո՞ր ջըրամոտ
գեղերըս,
Ո՞րը իմ շեն
քաղաքից,
Ո՞ր բերկրալի
տեղերըս:
Տուրքը ջըրի
ամեն օր
Իր սուրբ ծոցեն
Արարատ
Մայրախընամ
ինձ սընունդ
Պարգևում է
լիառատ:
Բայց ես այն
սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի
աղբյուրին,
Պիտի ցողեմ
արտորա՞յք
Իմ ատելի օտարին...
Մինչ իմ որդիք,-
ո՞վ գիտե-
Ծարավ, նոթի,
անտերունչ
Օտար աշխարհ
հածում են
Թույլ ոտքերով
կիսաշունչ...
Հեռո՜ւ, հեռո՜ւ
քըշեցին
Բընիկ ազգըն
իմ Հայկյան,
Նորա տեղը
ինձ տըվին
Ազգ անկըրոն,
մոլեկան:
Դոցա՞ համար
զարդարեմ
Իմ հյուրընկալ
ափերը,
Եվ կամ՝ դոցա՞
հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած
աչերը:
Քանի որ իմ
զավակունք
Այսպես կու
մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր
կը տեսնեք,-
Այս է անխաբ
իմ սուրբ ուխտ...
Էլ չի խոսեց
Արաքսը,
Հորձանք տվեց
ահագին,
Օղակ-օղակ
օձի պես
Առաջ սողաց
մոլեգին: