ԳԻՇԵՐՆ ԻՋԱՎ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
- Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն...
Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ'է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
- Շշնջելո՜ւ երջանկություն:
Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
- Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն...
ՈՒ կձայնե մատուռն հստակ.
- Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն...