ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ՍՈՒՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ
Ակադեմիկոս

    Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում` Երկրի այն շրջաններից մեկում, որտեղ ձեւավորվել է գիտության մեջ “եվրոպեոիդ” կոչվող մարդաբանական տիպը, որի մի ճյուղը գերմանացի գիտնական Լուշանն անվանել է “արմենոիդ”: Մարդաբանական այս միջավայրում է տեղի ունեցել հնադարյան մարդու կուլտուրայի ձեւավորումը եւ հատկապես այստեղ են հետագայում առաջացել Արեւելքի առաջին քաղաքակրթությունները: Քննելով հարցը կուլտուր-պատմական տեսանկյունից, նորագույն հետազոտությունները համոզիչ կերպով ապացուցում են, որ հնագույն ժամանակներից ի վեր Հայկական լեռնաշխարհի տարածքում եղել եւ անընդմեջ զարգացել է մեկ միասնական կուլտուրա:

    Գտնվելով հին աշխարհի քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանն ստեղծել է բավական բարձր կուլտուրա, որը հիմք է ծառայել հետագա դարերի հայկական կուլտուրայի զարգացման համար: Այլ կերպ ասած, Հայկական լեռնաշխարհի մարդու կյանքում հայտնաբերվում է էթնիկական, տնտեսական եւ կուլտուրական գրեթե հինգ հազար տարվա (մինչեւ մեր թվականությունը եւ ընդհուպ մինչեւ մեր օրերը) ժառանգություն:

    Հայկական լեռնաշխարհը առաջավորասիական լեռնաշխարհների շարքում ընկած է Իրանական եւ Փոքրասիական լեռնաշխարհների միջեւ եւ լրիվ ընդգրկում է Սովետական Հայաստանի տարածքը, ներառյալ Փոքր Կովկասի ողջ լեռնային զանգվածը: Իսկ այդ անվանումը անցյալ դարի կեսին առաջարկել եւ առաջին անգամ օգտագործել է գերմանացի հայտնի երկրաբան ու Կովկասի հետազոտող Հերման Աբիխը (18Օ6-1886): Շատ շուտով այն համընդհանուր ընդունելություն գտավ գիտության մեջ: Տերմինն ունի նաեւ պատմական արմատներ: Չէ որ դեռեւս պատմահայր Հերոդոտը (մ.թ.ա. 485-425) եւ Հեկատեոս Միլետացին (մ.թ.ա. 546-48Օ) հիշատակել են լեռնաշխարհի մեջ մտնող Արմենական լեռնաշղթայի մասին, որտեղից սկիզբ է առնում Հալիս գետը (ներկայում Ղզըլ Իրմակը, Փոքր Ասիայում): Հայկական լեռնաշխարհում է ընթացել հայ ժողովրդի պատմական կյանքը:

    Հայկական լեռնաշխարհի տարածքը եղել է ոչ միայն հնադարյան մարդու բնակավայրը, մի բան, որ հաստատում են նրա գործունեության հետքերի բազմաթիվ գտածոները, այլեւ, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, միջանկյալ փուլ, այնտեղ բնակվող ցեղերի գաղթի պրոցեսների ընթացքում: Առաջավոր Ասիան գտնվում է Աֆրիկայից Ասիա եւ Եվրոպա տանող ճանապարհների խաչմերուկում, եւ հատկապես այդ պարագան հատուկ դեր է խաղացել ոչ միայն հնադարյան մարդու, այլեւ նրա մերձավոր ցեղակիցների տարաբնակեցման գործում: Ինչպես ցույց են տալիս երկրաբանական ուսումնասիրությունները, տասնյոթ միլիոն տարի առաջ, այն բանից հետո, երբ ցամաքել է Աֆրիկան ու Ասիան միմյանցից բաժանող Թետիս ծովը, առաջացել է մայրցամաքային մի կամուրջ, որի վրայով այլ կենդանիների հետ մեկտեղ հարավից հյուսիս եւ այնուհետեւ դեպի արեւելք գաղթել են նաեւ մարդանման կապիկները:

    Ավելի ուշ, մոտավորապես մեկ միլիոն տարի հետո, կատարվել է մեկ այլ, այս անգամ արդեն նախամարդկանց գաղթը, որոնք աֆրիկյան նախահայրենիքից շարժվել են դեպի հյուսիս: Նրանք Եվրոպա են եկել երկու հիմնական ուղղությամբ` Ջիբրալթարով եւ Անդրկովկասի ու Կովկասի վրայով: Այսպիսով, ժամանակակից Հայաստանի տարածքով է անցել հեռավոր անցյալի մարդկանց մեծ գաղթի մայրուղիներից մեկը: Միեւնույն ժամանակ, նրանց մի մասը հիմնավորվել է այստեղ. մարդն ապրել ու յուրացրել է իր համար նոր տարածք:

    Սկսած 19Օ6 թվականից, ֆրանսիացի հետազոտող ու ճանապարհորդ Ժակ դը Մորգանի առաջին գտածոներից մինչեւ մեր օրերը, Հայաստանի տարածքում հայտնաբերվել են պալեոլիթի մարդու նյութական գործունեության բազմաթիվ հետքեր` զանազան քարե գործիքներ, կացարաններ, ժայռապատկերներ եւ այլն: Այս ամբողջ հսկայական նյութը հնարավորություն է ընձեռում հետեւելու պալեոլիթի բավական զարգացած կուլտուրային մի մեծ ժամանակահատվածում` հին շելյան կուլտուրայից (55Օ հազար տարի առաջ) մինչեւ մուստերյանը (1ՕՕ-4Օ հազար տարի առաջ):

    Ժամանակակից լեզվաբանությունը խորանալով հնդեվրոպական ժողովուրդների լեզվաընտանիքի ծագման հարցերի մեջ, եկել է մի շարք կարեւոր եզրահանգումների, որոնք ուղղակիորեն կապված են նաեւ հայ ժողովրդի ձեւավորման խնդրի հետ: Վերջին տարիներին սովետական գիտնականներ Թամազ Գամղրելիձեն ու Վյաչեսլավ Իվանովը առաջ են քաշել մի նոր տեսություն, որի համաձայն հնդեվրոպական լեզվով խոսողները մ. թ. ա. V եւ IV հազարամյակների սահմանագծում ապրել են Հայկական լեռնաշխարհում:

    Գիտնականները համոզիչ փաստարկներ են բերել հօգուտ իրենց դրույթի, հենվելով լեզվաբանական, պատմական, հնագիտական հսկայական նյութի վրա, օգտագործելով հնագույն ժամանակների վերաբերյալ շատ այլ գիտությունների տվյալները: Սա հնարավորություն է ընձեռում այլ կերպ դիտել հայերի ազգածնության պրոբլեմը: Պարզվում է, որ այն հեռավոր ժամանակաշրջանում է ծագել լեզվաբանների կողմից վերակառուցված նախահայերենը, որի անմիջական ժառանգորդը մեր ժամանակակից հայերենն է, որում եւ մանավանդ նրա բարբառներում զարմանալիորեն մինչեւ օրս էլ պահպանվել են այդ հնագույն լեզվի հետքերը:

    Գիտության տվյալները ցույց են տալիս, որ ոչ միայն հայոց լեզուն է համարվում հնդեվրոպականի անմիջական ժառանգորդը, այլեւ հայերն իրենք առաջին հնդեվրոպացիների անմիջական ժառանգորդներն են: Մ.թ.ա. V-IV հազարամյակներին (երբ կազմավորվել է եվրոպեոիդ ցեղի մարդաբանական տիպը) վերաբերվող տվյալները վկայում են, որ նրա ամենատիպիկ ներկայացուցիչները հայերն են: Այդ ժամանակաշրջանում Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի, Հյուսիսային Միջագետքի եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմտյան հսկայածավալ տարածքում ապրել են ցեղեր, որոնք խոսել են հնդեվրոպական նախալեզվով: Արդեն այն ժամանակ տեղի էր ունենում ազգակից բարբառների տարանջատման գործընթացը, որոնց հիման վրա այնուհետեւ առաջացան հնդեվրոպական լեզուները:

    Նյութական բազմաթիվ վկայությունները, լեզվական փաստերը, հնագույն առասպելներն ու ավանդությունները, այս ամենը ժամանակակից գիտությանը հիմք են տալիս ամենայն համոզվածությամբ ապացուցել, որ հայերը Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկներ են եղել:

    Անշուշտ, շատ հետաքրքիր է, թե “նախահայերը” ինչ կուլտուրա են ունեցել, ինչպես են վարել իրենց տնտեսությունը:

    Հնդեվրոպական ցեղերի, ուրեմն եւ “նախահայերի” կենցաղում մեծ տեղ է գրավել երկրագործությունն ու անասնապահությունը: Իր ժամանակին ակադեմիկոս Ն.Դ.Վավիլովը ուսումնասիրելով կուլտուրական բույսերը, ապացուցեց, որ վայրի ցորենի հայրենիքը, հետեւաբար եւ երկրագործության կենտրոնը, որտեղ մարդն առաջին անգամ սկսեց դրանք կուլտիվացնել, համարվում են լեռնային շրջանները: Նա այդպիսի համաշխարհային կենտրոններից էր համարում Հարավային Կովկասի շրջանները եւ Հայկական լեռնաշխարհը: Հայկական լեռնաշխարհի տարածքում եղել են նաեւ պղնձի, անագի ու երկաթի հնագույն մշակման կենտրոններ, որոնք հանգեցրել են էնեոլիթին (պղնձաքարի դարին) եւ բրոնզի դարին (մ. թ. ա. IV-III հազարամյակ): Հենց այս շրջանում էլ սկսվել են երկաթի հանքավայրերի մշակումները, որով նշանավորվեց երկաթի դարի մուտքը մարդկային պատմության մեջ:

    Ինչպես պնդում է անգլիացի հետազոտող Ու. Օլքոթը, Հայկական լեռնաշխարհի հետ է կապված մ. թ. ա. III հազարամյակում կենդանակերպի 12 համաստեղությունների մասին ծնված հասկացությունը, որը հիմք դրեց օրացույցի արեգակնային համակարգի զարգացմանը:

    Այստեղ են առաջացել նաեւ Մեծ Արջի, Բազումքի եւ Օրիոնի (վերջինս հայերն անվանում են նաեւ Հայկ, հայերի առասպելական նախահոր անունով) համաստեղությունների անվանումները: Արեգակնային օրացույցի հիման վրա հայերը ստեղծեցին ժամանակագրական հաշվում, ղեկավարվելով Հայաստանում օգտագործվող 146Օ տարեկան շրջանով, որը հայտնի էր որպես “Հայկեան շրջան”:

    Համաձայն հայկական ժամանակագրության, 428 թվականի Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին), ավարտվել է “Հայկեան” երկրորդ շրջանը, որն սկսվել էր մ. թ. ա. 1Օ32 թվականին: “Հայկեան առաջին շրջանը” համապատասխանաբար սկսվել է մ. թ. ա. 2492 թվականին: Ըստ մեզ հասած պատմական ավանդության, այդ թվականի Նավասարդի 1-ին հայ ժողովրդի առասպելական նախահայր Հայկը մարտնչել է ասորեստանցիների առաջնորդ Բելի դեմ եւ սպանել նրան: Ավանդությունը հատկապես այդ իրադարձությամբ է թվագրում հայերի գոյության սկիզբը Հայաստանում:

    Որքան էլ մենք վերապահորեն մոտենանք ավանդությունների, առասպելների վկայություններին, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ դրանք զարմանալիորեն համապատասխանում են գիտության տվյալներին եւ սկզբունքորեն կարող են լրացուցիչ փաստարկ լինել հօգուտ հայ ժողովրդի բնիկ լինելու դրույթի:

    Առանձին ազգակից բարբառներից առաջանում էին հնդեվրոպական ցեղերի լեզուները: Առաջավոր Ասիայի նշված շրջանում դրանց կրողներն էին հույները եւ հայերը: Մինչեւ մեր օրերը չապրեցին մի շարք ժողովուրդներ, որոնք հնագույն քաղաքակրթությունների ստեղծողներն էին: Խեթերի, լուվիացիների լեզուները միայն բազմաթիվ հետքեր թողեցին հունարեն, հայերեն, իրաներեն եւ հնդկերեն լեզուներում: Նշված լեզուներով խոսողների մեջ կենտրոնական տեղ էին գրավում մեր ժողովրդի նախնիները, որոնք բնակվում էին Հայկական լեռնաշխարհում:

    Հայկական լեռնաշխարհում եւ նրա հարավային ծայրամասը հանդիսացող Վերին Միջագետքում հնդեվրոպական հնդկաարիական ցեղերը ստեղծեցին Միտաննի պետությունը, որն իր հզորության գագաթնակետին հասավ մ. թ. ա. XVI-XV դդ.: Միտաննացիների հիմնական մասը խոսում էր հնդիրանական լեզվով ու սրանցից էր սերում անտիկ ժամանակաշրջանում հայտնի մատիենների ցեղը (հին հայկական աղբյուրների “մատեանք”-ը): Միթրա, Վարունա, Ինդրա, Մարութա աստվածությունները երկրպագող արիական-հնդիրանական ցեղերը Միտաննի պետությունից տարածվել են դեպի արեվելք` Իրանական սարահարթը եւ Հնդկաստան: Դա տեղի է ունեցել մ. թ. ա. շուրջ XVII-XII դարերի միջեւ: Ուշ շրջանում մեզ հայտնի է Մատիանա կամ Մաննա երկիրը Կապուտան (Ուրմիա) լճի ավազանում եւ նրանից արեվելք, մինչեւ Երասխ կամ Արասխ գետը (կոչվում էր նաեւ Ռահ, հույները կոչում էին Արաքս) եւ Կասպից ծովը: Հնդկաարիական ցեղերի տեղաշարժը արեւմուտքից արեւելք ցույց է տալիս կասպ ցեղի տարածման սահմանները: Անտիկ ժամանակաշրջանում` հույն-մակեդոնական արշավանքների ժամանակ նրանք բոլոր այդ տեղերում, մինչեւ Ինդոս գետը հանդիպեցին Կասպ անունը կրող ցեղերին, որոնց անունով կոչվեց նաեւ նրանցից հյուսիս գտնվող ծովը` “Կասպից (Կասպիական) ծով”:

    Ահա այս տարածքում` Կասպից ծովից մինչեւ Հնդկաստան, հնդկաարիացիները ստեղծեցին իրենց էպոսը` հանրահայտ “Ռիգվեդան” եւ “Ավեստան”, որտեղ աղոտ հիշողություններ են պահպանվել նրանց նախնական բնակության երկրում հոսող Երասխ կամ Ռահ (Արաքս) գետի մասին` “Ռասա” (“Ռիգվեդայում”) եւ “Ռահա” (“Ավեստայում”) անունով: Իսկ երբեմնի Միտաննի թագավորության տարածքում ձեւավորվող հայ ժողովրդի հիշողության մեջ մնաց Վարհագնի կամ Վահագնի պաշտամունքը, (որ կապվում է զենդական “Վերաթրագնայի” հետ), ինչպես եւ հայկական էպոսի հայտնի Մարութա սարը: “Ավեստան” առաջացել է Ռիգվեդայից ուշ “Արյանամ” երկրում. այսպես էր կոչվում այն ժամանակ Իրանը (հայկական աղբյուրներում` “Արիք”): Հայկական լեռնաշխարհից սրանք տարել էին սրբազան շների` “արալեզների” պաշտամունքը:

    Հնդկաարիական ցեղերը Իրանական սարահարթից տարածվել են դեպի Միջին Ասիա եւ Հյուսիսային Կովկաս, իսկ այնտեղից` ավելի հյուսիս:

    Նշված հյուսիսային երկրներում հնդկաարիական ցեղերից պետք է որ առաջանային սկյութական եւ սարմատական ցեղերը, որոնք հարավում շփման մեջ էին իբերակովկասյան ցեղերի հետ:

    Ինչպես տեսանք, հնդեվրոպացիների մի մասը տեղաշարժվել է Հայկական լեռնաշխարհից դեպի արեւելք, հարավ-արեւելք, եւ հյուսիս-արեւելք: Այժմ տեսնենք հնդեվրոպացիների նախնիների մյուս մասի տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհից դեպի արեւմուտք` դեպի Փոքր Ասիա եւ Բալկաններ: Մեզ հասած կցկտուր տվյալները հնարավորություն են տալիս վեր հանել այդ էթնիկական միավորները: Դրանք էին` փռյուգիացիների, թրակացիների եւ հույների նախնիները, որոնց լեզուների հետ սերտ առնչություններ ունի հայերենը:

    Ուսումնասիրողների ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ Վանա լճից հարավ գտնվող Կորդվաց աշխարհը` հունական աղբյուրների Կորդուենեն եւ այնտեղ բնակվող ցեղը անտիկ աղբյուրներում կոչվում է “Գորդիենե”, որ Մոկաց աշխարհի մոկաց ցեղը (մոկսենները) գոնե անտիկ ժամանակաշրջանում բնակվելիս է եղել Փոքր Ասիայում` Կարիայի եւ Լյուկիայի միջեւ: Անտիկ աղբյուրներից մեզ հայտնի է նաեւ փռյուգիական արքայատոհմի հիմնդիր Գորդիոսը, որը Փոքր Ասիայի հյուսիսարեւմտյան մասում, Սանգարիոս գետի հովտում հիմնել է Գորդիոն մայրաքաղաքը: Մենք ավելի պերճախոս ապացույցներ էլ ունենք:

    Դեռեւս ակադեմիկոս Ն. Մառը ուշադրություն էր դարձրել, որ փռյուգիացիների գլխավոր աստվածը կոչվել է “Սաբաձիոս” եւ կապ ունի հայերեն “աստված” բառի հետ: Այս եզրակացությունը առնչվում է վերջերս լուսաբանված այն փաստի հետ, որ Մուսասիրի տաճարում գտնվող Խալդի աստվածը ուրարտական արձանագրություններից մեկում կոչվում է “աշտիուծի”: Իսկ եթե հիշենք, որ փռյուգիական գորդիացիների ցեղը կոչվել է նաեւ “Էրետրիացիներ”, որը առնչվում է Ուրարտուի կամ Ուրատրի երկրանվան հետ, պարզ կդառնա, որ փռյուգիացիների նախնիները դեռեւս բիայնական թագավորության կազմավորումից առաջ բնակվելիս են եղել Կորդվաց-Գորդիացվոց աշխարհում: Սրանցից հյուսիս բնակվելիս են եղել Մոկաց աշխարհի տեղաբնիկները` մոկսենները, որոնց անունը կապվում է “Մուշկ” ցեղանվան հետ: Ավելի հյուսիս գտնվում են Հայոցձորն ու Ըռըշտունիքը ու Վան-Տոսպը` հետագայում առաջացած Ուրարտուի թագավորության կենտրոնը:

    Նշված տեղանունները եւ ցեղանունները առնչվում են հայկական ավանդությունների` Հայկ նահապետի գործունեության վայրերի հետ:

    Ավելին` հնչյունաբանական փոփոխությունների օրինաչափությունները հնդեվրոպական լեզուներում եւ առաջին հերթին հայերենում ցույց են տալիս, որ “հայ” (հայերենի որոշ բարբառներում ` “խայ”) ցեղանունը պետք է առաջացած լինի նախնական “Հատիոս” կամ “Խատիոս” ցեղանունից: Եթե այդ կռահումը ճիշտ է, ապա ստացվում է, որ մեր ժողովրդի “հայ” կամ “խայ” ինքնանունը կապ ունի փռյուգիական “Հատիոս” աստծո անվան հետ, այստեղից էլ` Կոտայքում գտնվող “Հատիս” լեռան անունը: Փռյուգական մեռնող եւ հարություն առնող Հատիսը լրիվ համապատասխանում է հայկական հեթանոսական պանթեոնի` Արայի պաշտամունքին, ուստի պատահական չպետք է համարել, որ Հատիսից դեպի արեւմուտք գտնվում է Արայի լեռը: Հետաքրքիր է, որ փռյուգիական Հատիսի մայրը` Նանե աստվածուհին էր, որի պաշտամունքը լայն տարածում ուներ հեթանոսական Հայաստանում:

    Ըստ Մովսես Խորենացու բերած ավանդությունների, Հայկ Նահապետի գործունեության վայրը Հայոցձոր գետի հովիտն է, եւ պատահական չպետք է համարել, որ այստեղ է տեղադրվում ուրարտական “Հայադու” գավառը: Վերջինիս դիմաց, Վանա լճի հյուսիս-արեւմտյան ափերին գտնվող “Հայադունի” գավառի անունը նույնպես “հայ” ցեղանվան հետ է կապվում եւ առասպելական Հայկի գործունեության վայրերից մեկն է Հայադունիին կից Հարք գավառը իր Հայկաշեն բնակավայրով:

    Հայոց ձորում էր եւ “Հայք” կոչված ամրոցը, որով այնուհետեւ կոչվեց Հայոց երկիրը:

    Փռյուգիացիները ասուրա-բաբելական եւ ուրարտական արձանագրություններում հիշվում են “մուշկ” անունով, որով այն կապվում է “մոկս”, “մոկսեն” ցեղանվան հետ (մոսկ, մոսկեն): Ըստ արձանագրությունների, Մեծ Զավ գետի հովտումն էր գտնվում Կումե կամ Կումենու սրբավայրը, եւ այստեղի բնակիչները արձանագրություններում կոչվում էին “կումենցիներ” կամ “ուկումեացիներ”:

    Ահա այս մուշկերը, ասուրա-բաբելական արձանագրությունների համաձայն, խեթական թագավորության անկման նախօրեին գրավեցին Հալիս գետի հովիտը, որն այնուհետեւ այդ նույն արձանագրություններում կոչվեց “Մուշկենու”, իսկ նրանց կողքին բնակվող հայերի նախնիների “Հատիո” անունը արդեն կապվում էր “հաթ”, այսինքն խեթ ցեղանվան հետ: Այս կողմերում էր գտնվում (Հալիս գետի ակունքներում եւ վերին Եփրատի հովտում) Հայասա երկիրը, որը ձեւավորվող հայ ժողովրդի հիմնական ցեղերից մեկի հայրենիքը պետք է դառնար:

    Մենք ունենք նաեւ Մովսես Խորենացու “Պատմություն հայոց”-ում բերվող “ազգն սկայից” արտահայտությունը, որը ճիշտ չի հասկացվել բանասերների կողմից: Սկայերը պետք է լինեին փռյուգիական ցեղերից մեկը: Սրանք մասնակցել են Տրոյայի-Իլիոնի պատերազմներին եւ Հոմերոսի մոտ նրանց անունով այդ քաղաքի դռներից մեկը կոչվել է “դրունք սկայից”:

    Փռյուգիական սկայի ցեղի հետ պետք է կապել նաեւ հայկական առաջին թագավոր Պարույրի (շուրջ 670-612 թթ. մ. թ. ա.) հոր` Սկայորդու անունը:

    Հիերոգլիֆ-լուվիերեն արձանագրություններում հիշատակվում է “Հայ”, իսկ դրանից առաջ սեպագիր խեթերենում` “Հայասա” երկիրը: 2-րդ հազարամյակի սկզբներին Փոքր Ասիայի հարավարեւելքում հիշատակվում են դանայացիները (“դանունա”), իսկ նրանցից հյուսիս` պելասգները կամ պելաստները (այդ ցեղը պահպանվել է Պլասթա, հետագայում` Ալբիստան անվան մեջ): Այստեղ էր գտնվում Կոմանա սրբավայրը (անտիկ շրջանի “Կոմանա Կապադովկիոյ”), որն այդպես էր անվանվել ի հիշատակ Մեծ Զավ գետի հովտի սրբավայրի:

    Այս ժամանակաշրջանում, երբ խեթական պետությունը հասել էր իր հզորության գագաթնակետին, Վանա լճից հարավ դեռեւս գոյություն ունեին հայերին հարեւան փռյուգիացիների նախնիները` գորդիացիները: Սրանց երկիրը հույն-հռոմեական աղբյուրների “Գորդիենե” երկիրն է` հայկական աղբյուրների “Կորդվաց աշխարհը”, “Կորդուքը”: Այս գորդիացիները-մուշկերը ձուլվեցին ձեւավորվող հայ ժողովրդին: Մուշկերը կազմում էին ազգաբնակչության ամենաստորին, շահագործվող խավը եւ հայերի մոտ կոչվում էին “մշակ” (ասուրա-բաբելական աղբյուրներում` “մուշկենու”): Սրանց սոցիալական դրությունը հավասար էր ստրուկների վիճակին: Ճիշտ այնպես, ինչպես քիչ հետո, երբ կազմավորվեց Բիայնիլի պետությունը` “Ուրուրդա” հորջորջումով հայտնի հայկական ցեղերի անունով ասուրա-բաբելական արձանագրություններում երկիրը կոչվեց Ուրարտու: Հետաքրքիր է, որ ուրարտական արձանագրություններում բացակայում է “Ուրարտու”, ինչպես եւ “Նաիրի” անունը: Եկվոր ցեղերը իրենց պետությունն անվանում են “Բիայնիլի” կամ “Բիայնա”, որի հայկական ձեւն է “Վան”-ը: Իսկ ասուրա-բաբելական արձանագրություններում երկիրը (Հայկական լեռնաշխարհը) նախկինի պես կոչվում էր Ուրարտու` կամ Ուրաշտու, որը պետք է առաջացած լինի Վան քաղաքից հարավ գտնվող հայերենում “Ըռըշտունիք” կամ “Ռշտունիք” կոչված գավառի անունից (վերջինս պետք է իր մեջ ընդգրկեր նաեւ Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի տարածքը): Ուրարտու կամ Ուրաշտու երկրանունը եբրայեցիները` Հին կտակարանում հիշատակում են “Երկիր Արարատայ” կամ “Արարատ” անվան տակ, որը իրականում Հայաստան երկրի անուններից մեկն էր:

    Իշխող վիճակում մնաց “սկայ” ցեղը, որից առաջ եկավ “Սկայորդու” արքայատոհմը, որը թագավորեց իբրեւ առաջին Հայկական թագավորության արքայատոհմ: Այս արքայատոհմի բարձրացումը պետք է տեղի ունենար մ. թ. ա. 681 թվականից հետո:

    Փռյուգիացիները թրակիացիների հետ հասան մինչեւ Մարմարա ծովը եւ Բալկանյան թերակղզին, որի հարավային մասում գերիշխող էին դարձել հելլենները: Հայերը նրանց կոչում են “յոյնք”, որ առաջացել է Փոքր Ասիայի “Յոնիա” երկրանունից: Հույների հետ ձուլվեց “ախայոյ” կոչվող ցեղը, որի “խայ” արմատը պետք է առնչվի “հայ” կամ “խայ” ցեղանվան հետ:

    Հնդեվրոպացիների նախահայրենիքի մասին մեր առաջադրած վարկածն իր ապացույցն է գտնում Հին կտակարանում, որի համաձայն Առաջավոր Ասիայի ժողովուրդների առաջացումը կապվում է ջրհեղեղի ավանդության հետ: Մ. թ. ա. 1-ին հազարամյակում եբրայեցիները գրի առան Առաջավոր Ասիայի հնուց տարածված ջրհեղեղի ավանդությունը, ըստ որի Նոյի տապանը կանգ է առել Արարատի վրա, որը Միջագետքից հյուսիս գտնվող ամենաբարձր գագաթն է: Ըստ այդ ավանդության, ջրհեղեղից հետո տապանից իջել են ինքը` Նոյ նահապետը եւ իր Յաբեթ, Սեմ եւ Քամ որդիներն ու նրանց ընտանիքները: Սրանցից էլ առաջացել են Առաջավոր Ասիայի ժողովուրդները: Ինչպես գրված է “Ծննդոց գրքում”` Նոյի որդիներից “սփռեցան, կղզիք ազգաց ի վերայ երկրի յետ ջրհեղեղին”: Այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի ժողովուրդների մոտ գոյություն ուներ այն պատկերացումը, որ մարդկությունը ներկայացնում էր “ազգ մի եւ լեզու մի ամենեցուն” (Գիրք ծննդոց, գլ. ԺԱ), “Եւ էր ամենայն երկիր լեզու մի, եւ բարբառ մի ամենեցուն”: Ըստ այդ ավանդության լեզուները բաժանվեցին Բաբելոնի աշտարակաշինությունից հետո: Մովսես Խորենացին, հետեւելով այս ավանդությանը, հաղորդում է, որ հայերը առասպելական Հայկ նահապետի գլխավորությամբ եկել էին Հայոց երկիրը Բաբելոնից եւ բնակություն էին հաստատել Վանա լճի հարավարեւելյան եւ հյուսիսային մասերում - այն երկրամասերում, որոնք ուրարտական արձանագրություններում կոչվում էին “Հայադու” (Հայկական Հայոցձոր) եւ “Հայդունի”:

    Հնդեվրոպական նախահայրենիքի տարածքում` Հայկական լեռնաշխարհում գերիշխող էթնիկական ծառը բաղկացած էր փռյուգիացիների ու թրակիացիների լեզուներին ազգակից հայերենով խոսող նախահայկական ցեղերից, որոնք պետք է համառ պայքար մղեին հարավ-արեւելքից անընդհատ ներթափանցող խուրրի-ուրարտական ցեղերի դեմ: Վերջիններիս բնակության վայրը` Զագրոսյան լեռնային հատվածը, հարեւան էր Միջագետքին, ուստի ասուրա-բաբելական` աքքադացիների ու բաբելացիների աղբյուրները ինչպես Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկներին, որ հայտնի էին “ուրուրդրա” անունով, սրանց եւս կոչում էին այդ նույն ցեղանվան տարբերակով` “ուրարտ” ուրարտացի:

    Հայկական լեռնաշխարհ թափանցող ցեղերը մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջերին եւ 1-ին հազարամյակի սկզբներին ապրում էին ռազմական դեմոկրատիայի եւ վաղդասակարգային հասարակության զարգացման փուլը: Սրանց դիմադրում են տեղական ցեղերը, որոնցից սերում է Արամե թագավորը: Վանա լճի հյուսիսային եզրին, Արամայրալի երկրում էր գտնվում նրա մայրաքաղաքը` Արզաշկուն (ուշ ժամանակների Արծկեն) մ. թ. ա. 860-840-ական թթ.: Այս անունը ասուրա-բաբելական արձանագրություններում կարդացվում է տարբեր ձեւերով` “Ատմաիլի”, “Արմիրալիու”, սակայն աներկբայելի է “Արամ” արմատը, որ ձեւավորվող հայ ժողովրդի երկրորդ անունն է: Արամի ստեղծած թագավորությունը երկար կյանք չունեցավ: Բիայնական ռազմական վերնախավը չդիմադրեց ասորեստանցիների ագրեսիային: Սալմանասար I-ը (859-824) պատերազմների ժամանակ (մ. թ. ա. 859, 857, 745 թթ.) խիստ դիմադրության հանդիպեց Արամեի կողմից, վերջինս ուժասպառ լինելով, տեղի տվեց բիայնացիներին: Հայկական այս թագավորությունը ընկավ բիայնացիների գերիշխանության ներքո: Ասուրա-բաբելական արձանագրություններից իմանում ենք, որ իշխանության գլուխ եկավ նոր արքայատոհմ: Դա բիայնական Լուտիպրիսի տոհմն էր, որ եկել էր Մուսասիր քաղաքից դեպի Տուշպա-Վան:

    Հայկական լեռնաշխարհում բիայնական արքայատոհմի գերիշխանության ժամանակ հիմնական բնակչությունը կազմել են հայկական ցեղերը, որոնցից դուրս եկած արքայատոհմը մ. թ. ա. VII դ. կեսերից գլխավորեց հայոց թագավորությունը ի դեմս Սկայորդու որդու Պարույրի (մ. թ. ա. 681 թ.) եւ նրա հաջորդների: Բիայնացիները մշտապես ուծացվել են հայկական ցեղերի կողմից: Այն, որ հայերը եղել են առավել զարգացած եւ քանակապես գերակշիռ ազգագրական խմբավորում, վկայում է հետեւյալը` մ. թ. ա. 590 թվականին բիայնական վերջին արքայատոհմի անկումից անմիջապես հետո բիայնական ժողովուրդն ասես անհետացավ, բայց իրականում նա այնպես էլ չհասցրեց կազմավորվել որպես առանձին ժողովուրդ: Բիայնական արքայատոհմի անկումից հետո սկզբնաղբյուրները բիայնացիների փոխարեն հիշատակում են արմեններին, որոնք իրենց կոչում էին հայեր:

    Չափազանց արագ, գրեթե անմիջապես, հին պետության ավերակների վրա, ասես Բիայնայի ներսում հասունանալով ու նրան կուլ տալով, ծագեց մի ընդարձակ նոր պետություն: Հարեւաններն այն անվանում էին Արմինա կամ Արմենիա:

    Երիտասարդ Հայկական պետությունը հարկադրված էր իր դիրքերն ամրապնդելու համար ռազմական ընդհարումներ ունենալ ինչպես մարական, այնպես էլ հին պարսկական թագավորությունների հետ: Մ. թ. ա. 519 թվականին Պարսկաստանը նվաճում է Հայկական պետությունը եւ այն դարձնում հատուկ սատրապություն, “Արմինա” անվամբ:

    Հունամակեդոնական նվաճումներից հետո, հելլենիստական դարաշրջանում հայ ժողովրդի ձեւավորման պրոցեսը ավարտվել էր: Արմավիրում գտնված մ. թ. ա. II դարի հունական մի արձանագրության մեջ Արարատյան հովիտն անվանված է “գեղեցիկ երկիր Արմենիա”: Այրարատ նահանգը, որի անունը տարբերակն է Ուրարտու անվան, դառնում է ողջ Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ կուլտուրական կենտրոնը:

    Հետագայում տեղի է ունենում Հայաստանի բոլոր մասերի միաձուլում մի միասնական պետության մեջ, որը հայտնի է Մեծ Հայք անվամբ, ի տարբերություն մերձպոնտական Հայաստանի, որը կոչվում էր Փոքր Հայք:

    Հելլենիստական եւ վաղ ֆեոդալական դարաշրջանի Հայկական պետությունը մոնոէթնիկ քաղաքական կազմավորում էր: Հույն գիտնական, աշխարհագրագետ Ստրաբոնը, որն ապրել է մինչեւ մեր թվականության I դարի սկզբները, հավաստում է, որ իր ժամանակներում Հայաստանի բոլոր շրջանները խոսել են մի լեզվով` հայերենով: