Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր գաղափարախոսությունը, որը բնորոշ է նաև հայ ժողովրդին: Ազգային գաղափարախոսությունը կարելի է սահմանել որպես ազգային գոյության հիմնախնդիրների գիտակցում, դրանց տեսական հիմնավորում ու համակարգում, որը մշակվում է ազգի մտավորականության կողմից, դառնում համազգային ծրագիր, որոշակի նպատակամիտվածություն է հաղորդում ՝ազգի բացարձակ մեծամասնությանը և այդ գաղափարախոսությունը ընդունող յարաքանչյուր անհատի կյանքին ու գործնեությանը: Ազգային գաղափարախոսությունը ձևավորվում է ժողովրդի պատմության հետ, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ուրույն գաղափարախոսությունը` կապված այդ նույն ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հետ:
387թ. Հայաստանը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև: Սակայն երկրի երկատումն ու քաղաքական նվաճումը դեռ բավական չէին: Սասանյան Պարսկաստանը ավելի հեռու էր գնում: Նա ուզում էր նվաճել հայ ժողովրդի գաղափարախոսական-մշակութային բնագավառը, հոգևոր կյանքը: Մեր ժողովրդին պարտադրվում էր ընդունել պարսկական կրոնը՝ զրադաշտը: Հետևաբար հայ ժողովրդին սպառնում էր ձուլում և որպես այդպիսին՝ ի սպառ վերացում:Հարկավոր էր ահավոր վտանգին դիմադարձ կանգնելու զորեղ միջոց: Դա մշակութային հզոր ու հուսալի զենքն էր: Ծայր առավ լուսավորչական մի մեծ շարժում հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ, որը իր հետևից բերում էր հայ մտքի մյուս երախտավորներին` Եղիշեին, Ղազար Փարպեցուն, Փավստոս Բյուզանդին, Մովսես Խորենացուն, Եզնիկ Կողբացուն, որոնք էլ ստեղծեցին այդ ժամանակաշրժանի ազգային գաղափարախոսությունը: Ինչպես վերը նշվեց, այս գաղափարախոսությունը ձևավորվեց այնպիսի պայմաններում, երբ մեր ժողովրդի ազգային դեմքի, ամբողջականության և նույնիսկ գոյության պահպանման հարցերը լուրջ սպարնալիքի տակ էին դրված, և, բնականաբար, նրան բնորոշ էին ազգային ոգին պահպանելու, հայրենիքին նվիրվելու անհրաժեշտության, էթնիկ ու քրիստոնեական առաքինություններին հավատարիմ մնալու սկզբունքները: Ազգային հպարտության զգացումը, որը լավագույնս դրսևորվում է Մովսես Խորենացու` հայոց քերթողահոր “փոքր ածուի” գաղափարում, Փավստոս Բյուզանդի` “մի կորու չափ գետին” թշնամուն չզիճելու սկզբունքը, Ներսես Մեծի կողմից արծարծված օտար լծի համեմատությամբ, թեկուզ վատ թագավորի ավելի լավ լինելու հարցը, Եղիշեի “մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն” կարգախոսը հենց վկայում են գաղափարախոսության վերը նշված տարրերի առկայության և պահպանման մասին: Եվ հենց այդ գաղափարախոսությանն էլ հիմք հանդիսացավ Վարդանանց հերոսամարտի համար: Ինչպես նշվեց, Եզնիկ Կողբացու ավանդը այս գործում նույնպես հսկայական էր: Եզնիկ Կողբացին մշակեց դարավոր պայքարի` ազատության ձեռքբերման տեսական հիմքը, հիմնավորեց չարի դեմ պայքարելու անհրաժեշտությունը, պարսկական կրոնի` զրադաշտի սին լինելը, հերքեց ճակատագրի գոյությունը: Այս ու էլի մի շարք հարցեր տեղ գտան նրա “Եղծ աղանդոց” աշխատությունում:
Սասանյան Պարսկաստանը հայ ժողովրդին պարտադրում էր ընդունել զրադաշտը, որը կնշանակեր պարսկանալ: Այս տեսակետից ժամանակի հրամայական էր քրիստոնեության` հայ ժողովրդի հոգևոր սնունդի էլ ավելի աստվածացումը և ընդհակառակը՝ պարսկական զրադաշտի հերքումը: Այս ծանր աշխատանքը կատարեց Եզնիկ Կողբացին: Նա ոչ միայն իրավացիորեն գտավ տվյալ կրոնի մեջ եղած հակասությունները, այլև տրամաբանորեն մերժեց զրադաշտի նախագոյի` Զրվանի գոյությունը: Հետևաբար զրադաշտը հայտարարեց սին կրոն` կոչ անելով հայ ժողովրդին թեկուզ արյան գնով չհնազանդվել պարսից շահ Հազկերտ 2-ի պահանջին: Հաջորդը չարի դեմ պայքար մղելու անհրաժեշտությունն էր: Եվ դա ոչ միայն պետք է արվեր զենքի ուժով, այլև բարոյականությամբ: Քանզի ըստ Կողբացու չար և բարի չեն ծնվում կամ ստեղծվում, այլ ընդհակառակը՝ Աստված մարդուն օժտել է կամքով և գիտակցությամբ: Կամքը հանդես է գալիս իբրև ազատ ընտրության հնարավորություն չարի և բարու միջև, իսկ բանական գիտակցությունը ուղղորդում է դեպի բարին: Հաջորդը ճակատագրի ու ճակատագրապաշտության հերքումն է, որը ըստ էության հանդես է գալիս իբրև չարի դեմ պայքարելու անհրաժեշտության հիմնավորման հաջորդ փուլ: Քանզի քիչ էր հիմնավորել վերջինս, պետք էր նաև հերքել ճակատագրի գոյությունը, որպեսզի ժողովուրդը և անհատը չկաշկանդվեն չարի կողմից պարտված լինելու ճակատագրով կանխորոշված անխուսափելիությունից: Եվ եթե դեպքերը պետք է կատարվեն ճակատագրի սահմանումով, ապա ոչ’ թագավորները պետք է մահվան հրաման տան, ոչ’ էլ դատավորները տանջեն և սպանեն մարդասպանին: Սակայն նրանք պատժում են մարդասպանին, քանզի հանցավորի հանցանքները ոչ թե ինչ-որ ճակատագրի սահմանումով, այլ չարագործ բռնությամբ են լինում: Այսպիսով Եզնիկ Կողբացին ձևակերպեց չարիքի դեմ պայքարելու անհրաժեշտությունը, հիմնավորեց պարսկական կրոնի` զրադաշտի սին լինելը, այսինքն տվյալ պարագայում որպես չարիք, և հերքեց ճակատագիրը` չարիքից պարտված լինելու նախախնամությունը` տալով ժամանակի հայ ժողովրդին գաղափարական հզոր զենք` ազատության համար պայքարելու: Առջևում Վարդանանց պատերազմն էր, և հայ ժողովրդի պանծալի բարոյական հաղթանակը: Զրադաշտը չընդունվեց: Մեր ժողովուրդը, Եզնիկ Կողբացին ու հայ մտքի մյուս երախտավորները հաղթեցին:
Չնայած այդ ժամանակներից անցել են շատ դարեր, սակայն “Եղծ աղանդոցում” արծարծված բազմաթիվ հարցեր դեռ արդիական են: Մասնավորապես չարիքի դեմ պայքարելու տեսական հիմնավորումը, ճակատագրի հերքումը և պարսից կրոնի հերքման նպատակներից մեկը` քրիստոնեության` որպես հայոց պետական կրոնի դերի բարձրացումը հայի կյանքում:
Այսօր հայ հոգևոր կյանքի առջև կանգնած է մի գերխնդիր` եհովականությունը: Հսկայական գումարներ են ծախսվում մարդկանց ներգրավելու և հոգևոր կյանքը աղավաղելու համար: Ըստ նրանց Եհովային հասնելու համար ոչ միայն պետք է հավատալ, այլև նորանոր մարդկանց ներքաշել: Հիանալի ռազմավարություն, որի պատճառով քանդվեցին ու քանդվում են բազում հայ ընտանիքներ:Սա ոչ միայն երկպառակտում է հոգևոր կյանքը, այլև սպառնում է մեր երկրի անվտանգությանը, քանզի այս աղանդի հետևորդները դեմ են զենքի ուժով թշնամուն դիմակայելուն և հարկ եղած դեպքում չեն պաշտպանի հայրենիքը: Եկեղեցու կողմից պետք է տարվի ակտիվ քարոզ եհովականության հերքման և մեր պետական կրոնի դերի բարձրացման:
?յսօր էլ շատ մարդիկ ճակատագրապաշտ են և իրենց բազում անհաջողություններ կապում են հենց դրա հետ: Եվ խոչնդոտների հանդիպելով նահանջում են` պատճառաբանելով, թե ճակատագրի քմահաճույքն էր: Սակայն սեփական ուժերին հավատալը, գիտակցելը, որ ամեն ինչ քեզնից է կախված, շատ կարևոր է, մանավանդ` անցումնային Հայաստանում: Եվ պետք է ջանք ու ցանկացած միջոց չխնայել, անշուշտ բարոյականության սահմաններում, և հասնել նպատակակետին:
Ինչ վերաբերում է չարիքին, ապա այս խնդիրը առկա է եղել բոլոր ժամանակներում և, ըստ երևույթին, կմնա միշտ: Արդի հասարակության մեջ առկա են բազում չարիքներ, և որքան զարգանում է հասարակությունը, այնքան ավելի են կատարելագործվում չարի դրսևորման միջոցները: Այսօրվա հայ հասարակության մեծագույն չարիքներից մեկը կոռուպցիան է, որը խեղդել, ոչնչացրել է արդարը, ազնիվը: րեթե յուրաքանչյուր գործողություն լինի դա օրինական թե ապօրինի, ուղեկցվում է կաշառակերությամբ: Այսօր կոռուպցիան սփռված է ամենուրեք` թե’ պետական, թե’ մշակութային ոլորտներում: Սրա հետևանքով շատ դեպքերում ասպարեզ է ելնում անարժանը, բայց հարուստը, իսկ արժանավորը, որը չունի նման միջոցներ մնում է ստվերում: Կոռումպացված է նույնիսկ կրթական համակարգը: Ախտը հասել է մանկավարժներին: Իրականության մեջ ստեղծվել է մի այպիսի մթնոլորտ, որին բնորոշ է հետևյալ թևավոր խոսքը` “ Եթե մարդուն չի կարելի գնել փողով, ապա նրան կարելի է գնել մեծ փողերով, եթե չի ստացվում գնել մեծ փողերով, ապա պետք է գնել շատ մեծ փողերով” : Սակայն սա ընդամենը թվացյալ իրողություն է, քանզի գլուխ բարձրացրած չարի` կոռումպացված ագահի կողքին կա նաև բարին, արդարը, ազնիվը: ԵՎ վերջինս պետք է պայքարի չարիքի դեմ, թույլ չտա չարին ոչնչացնել հասարակությունը և նրա մեջ դեռևս մնացած բարին:
Չարիքի բազմաթիվ դրսևորումներ կան նաև քաղաքականության մեջ: Շատ քաղաքական գործիչներ, առաջնորդվելով “ քաղաքականությունը անբարոյականություն է” իրենց համար կարգախոս դարձած արտահայտությամբ, իրենց զգում են ինչպես ձուկը ջրում և անում ցանկացածը` միայն իրենց անձնական շահերի համար: Սակայն քաղաքականությունը անբարոյականություն չէ, այլ նրանց նման անբարոյականներն են այն այդպիսին դարձնում`ստիպելով բարոյականին վերափոխվել: Բայց բարին չպետք է դառնա չար, այլ պայքարի` հանուն ընդհանուր բարեկեցության, հանուն բարոյականի հաստատման:
Չարիք է իր մեջ պարունակում գերպետությունների` մասնավորապես ԱՄՆ- ի կողմից տարվող գլոբալացման քաղաքականությունը: Եթե Պարսկաստանը ցանկանում էր հայերին պարսկացնել զրադաշտի միջոցով, ապա ԱՄՆ-ը ջանք չի խնայում ողջ աշխարհին ամերիկացնելու համար: Իր ծրագիրը նա իրականացնում է ամերիկյան մշակույթը ժողովուրդների առօրյա դարձնելու օգնությամբ: ԵՎ եթե հայերը 5-րդ դարում պայքարեցին արյան գնով, ապա այժմ բազում հայ օջախներ ամերիկյան մշակույթը ընդունում են գրկաբաց: Այս պայմաններում, երբ հայ երիտասարդության գերակշիռ մասը չի կարդում գրականություն, նրա ապրելակերպի և աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են թողնում ամերիկյան ֆիլմերը: Իսկ ի”նչ կա այնտեղ: Մի ամերիկացի փրկում է ողջ աշխարհը, Ամերիկան վճռում է ժողովուրդների բախտը, նա ամենազոր է, ամենակարող, ամենաբարի, ամենաբարոյական: Հիրավի ստրուկի հոգեբանություն: Մեր դարավոր մշակույթը շատ դեպքերում մոռացվում է: Բայց չ”է որ այդ մշակույթի շնորհիվ է, որ հայ ազգը հաղթահարել է բազմաթիվ արհավիրքներ և գոյատևել մինչ օրս:
Այս տեսանկյունից շատ կարևոր է պայքարել չարիքի դեմ, ձգտել բարու հաղթանակին: Այսօր ոչ միայն պետք է պայքարել արտաքին, այլև ներքին թշնամու դեմ: Այս պայմաններում, երբ նյութականը ճզմել է հոգևորին, երբ մարդը, ասես գազան, կոխրճում է մարդուն, հոշոտում նրան, երբ փողը ամեն ինչի տերն է, նույնիսկ` մարդու, հարկավոր է մի այնպիսի գաղափարախոսություն, որը այսօրվա գազան մարդուն կդարձնի մարդ բառիս բուն իմաստով: Այս պարագայում կարող է փյունիկի պես հառնել Կողբացու` չարի դեմ պայքարելու հիմնավորումը:
Այսպիսով ինչպես տեսանք Եզնիկ Կողբացու կոմից 5-րդ դարում արծարծված հարցերը այսօր էլ` 21-րդ դարում, արդիական են և չափազանց օգտակար: Հայ ժողովրդին պետք են նոր կողբացիներ, խորենացիներ, բյուզանդներ: Հուսանք, որ նրանք կգան…