Զահրատի բանաստեղծությունները հայ դասական պոեզիային ընտելացած ընթերցողներին կարող են անսովոր թվալ, բանաստեղծություն ստեղծող գրեթե բոլոր ատրիբուտներից հեռու, պրոզաիկ, կես-լուրջ, կես-կատակ տողեր, երբեմն կարծես մի փոքրիկ քամի է մտնում այս “անբանաստեղծական” աշխարհը, որը մեզ տեղ-տեղ հիշեցնում է դուրյանական տողերը, մեծարենցյան թախիծը, պարոնյանական խիստ ու անողոք սարկազմը և զարիֆյանական կենսասիրությունը։ Բայց և այնպես, մեզ համար սովորական դարձած դասակարգումով և ավանդների հերթաշարումով գուցե դժվարանանք Զահրատի կամ, ասենք, իստամբուլահայ մեկ այլ բանաստեղծ Զարեհ Խրախունու ճյուղը սարքուկարգին զատել հայ պոեզիայի ծագումնաբանական ծառի մեջ։ Դժվար Է ասել, թե նման փորձերը որքանով արդյունավետ կլինեն որովհետև այստեղ կա մի քանի վտանգ և դժվարություն. Պեշիկթաշլյանից մինչև Զարիֆյան և Թեքեյան ձգվող հանրածանոթ ճանապարհի վրա այսօրվա Զահրատին և նրան շրջապատող պոետական մթնոլորտը դժվար թե գտնենք (այնպես, ինչպես մենք կուզեինք, այնպես, ինչպես տասնհինգերորդ դարի ծնունդ Վիյոնին զգում ենք քսաներորդ դարի գրեթե յուրաքանչյուր ֆրանսիացի բանաստեղծի տողերում): Պատճառը միայն այն չէ, որ հայ քերթության ծագումնաբանական ծառի ճյուղերը բավական խճճված են, այլ գուցե ավելի շատ այն, որ իրար հաջորդող դարաշրջանների էսթետիկական սկզբունքները երբեմն իրարից շատ տարբեր են լինում, չասած այն մասին, թե Զահրատի և արևմտահայ պոեզիայի միջև ընկած է ոչ միայն մի քանի տասնամյակ, այլև ազգային մի մեծ աղետ, որը կարող էր ամեն ինչ գլխիվայր շրջել։ Կարդալով այսօր արևմտահայ այս կամ այն բանաստեղծին, լավագույն դեպքում կարող ենք կռահել նրա ստեղծագործական որևէ սկզբունքի հնարավոր զարգացումը այսօրվա սփյուռքահայ պոեզիայում, և հակառակը, Զահրատի և իստամբուլահայ մյուս բանաստեղծների տողերում դժվարությամբ կգտնենք արևմտահայ մեծ պոետների պլեադան, այնպես, ինչպես, ասենք, սովետահայ մի շարք բանաստեղծների տողերում այսօր տեսնում ենք Չարենցին և Իսահակյանին։
Չշտապենք այս երևույթը դրական կամ բացասական գնահատել։
Զահրատին և նրա սերնդակիցներին արևմտահայ պոետներից (Դուրյան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո, Զարիֆյան) բաժանում է 30—70 տարի, ըստ որում տարիներ, որոնց ընթացքում իստամբուլահայ գրական մթնոլորտում զգալի շարժումներ չեն եղել։
Բացի այդ, որքանով և ինչպես վերը հիշված արևմտահայ բանաստեղծները կարող Էին ներկա լինել Զահրատի կամ Խրախունու տողերում։ Մեզ քաջ հայտնի է, որ սփյուռքահայ գրականությունը այնպիսի համաչափ և աստիճանական զարգացում չունեցավ, ինչպես սովետահայ գրականությունը։ Յուրաքանչյուր գաղութի գրական շարժումը, մյուսների հետ ունեցած իր ընդհանրություններով, շատ հաճախ պայմանավորված Էր տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, այդ երկրի ազգային մշակույթի մակարդակով, հետևաբար, տարբեր էր նաև անցյալի գրական ժառանգության գնահատման հարցը։ Եթե լիբանանահայ կամ եգիպտահայ գրողները ձգտում Էին շուտափույթ վերականգնել նախորդ սերունդների հետ կապող կամուրջները, ապա ֆրանսահայ գաղութում վիճակն ուրիշ Էր։ Իստամբուլահայ գրականության մեջ այս ակամա “բախումը” անցյալի ժառանգության հետ տեղի չունեցավ, այլ պարզապես մի քանի տասնամյակի ընդմիջումը և իրականության պարտադրող խնդիրները թելադրեցին յուրովի մոտենալու իրենց մեծ նախորդների պոետական ավանդներին։ Գնալ ոչ թե ոճավորման, արտաքին նմանության (որը նույնպես, ինչ-որ էտապում, ժամանակավոր կարող է ավանդների շարունակություն լինել), այլ ոգու, ավանդների ներքին Էության շարունակման և զարգացման ճանապարհով։ Եվ, վերջապես, պետք է անպայման հաշվի նստել քաղաքական այն պայմանների հետ, որոնցում ապրում և ստեղծագործում են թուրքահայ բանաստեղծները: Թերևս այստեղից է գալիս այդ պոետների ալեգորիզմը, խոր ենթատեքստը, ձգտումը դեպի համամարդկային իմաստները և հասկացողությունները, սոցիալական սուր պաթոսը և աբսուրդի զգացողությունը։
Մատթեոս Զարիֆյանը Մեծ Եղեռնի սարսափներից անմիջապես հետո նամակներից մեկում գրում Էր. “Երբեք չնայիլ կյանքի ողբերգական կողմին՝ առանց ժպիտ մը ունենալու շրթունքիդ... Ա՜հ, եթե կարելի ըլլար որ րոպե մը, միակ րոպե մը, ամեն մարդ մոռնար իր վիշտերը, ու խենթ զվարթություն մը տիրեր Երկրի չորս անկյուններուն՝ կերևակայեմ թե ինչ ապուշ դեմք մը պիտի առներ Չար Ոգին որ մեզ կկառավարե։
Կհավատամ, թե օր մ' ալ հարկ պիտի չըլլա պոռալու “կեցցե՛ ազատությունը”, որովհետև ամեն մարդ կատարելապես ազա՜տ պիտի ըլլա, ու պիտի մոռնանք սա թշվառական բառը “քաղաքականություն”, այն ատեն ուրիշ բան պիտի բարձրանա բոլոր շրթներեն “կեցցե՛ ծիծաղը”։
Զահրատի մուտքը գրականություն Զարիֆյանի այս տողերից մոտ երեսուն տարի հետո եղավ։ Դժվար է ասել, թե արևմտահայ ո՞ր մեծ բանաստեղծին էր աշակերտում իր առաջին փորձերում, բայց կասկածից դուրս է կենսահաստատման և լավատեսական այն առողջ ոգին, որ Զահրատը ժառանգեց իր նախորդներից՝ Մեծարենցից և Զարիֆյանից, Պարոնյանից և Օտյանից։
Ինչպիսի՞ն Էր ներկայանում աշխարհը Զահրատի առաջին բանաստեղծություններում։ Հասկանալի է, որ թուրքական իրականության պայմաններում “Հայրենի եզերքը” իր պատմությամբ ու ներկայով չէր կարող քերթողական այնպիսի ատաղձ լինել, որպիսին դարձավ Բյուզանդ Թոփալյանի, Վահե Վահյանի, ժակ Հակոբյանի բանաստեղծություններում։ Թերևս սա էր այն կարևորագույն պատճառը, որ հենց սկզբից պարտադրեց Զահրատին այլ ձևերի, այլ պատկերների և երբեմն ուրիշ բովանդակության մեջ որոնել ու ստեղծել բանաստեղծականի նոր սահմանները։ Բացի այղ, Զահրատից առաջ արդեն բանաստեղծական նոր դպրոց էր ծնվել Ստամբուլում. իստամբուլահայ բանաստեղծների սռաջին սերունդն արդեն ասպարեզ էր իջել սոցիալական պոեզիայի հետաքրքիր պրպտումներով։
Այս երկու հանգամանքները որոշիչ եղան Զահրատի ստեղծագործության համար։ Բայց Զահրատի էական տարբերությունն այդ պոետներից այն էր, որ կարողացավ սոցիալական քննադատության սուր պաթոսը գունավորել անսեթևեթ լիրիզմով և բարի հումորով:
Ալեքսանդր Թոփչյան (1978թ.)