(“Սարսուռներ” հատորին երևման առթիվ)
Դանիել Վարուժան մին է այն անձնավորություններեն, զոր Մուրատ-Ռափայելյան վարժարանը կրնար հպարտանալ արտադրած ըլլալուն: Վարուժանի պես դեմք մը անշուշտ ոևէ դպրոցի արդյունքը չէ, այլ է՛ն առաջ իր բնածին ձիրքերուն. բայց միջավայրը միշտ իր ներգործությունն ունի նույնիսկ ամենեն ուժեղ խառնվածքին վրա, կաջակցի կամ կհակառակի անոր կազմավորման: Ակնհայտ է, որ Վարուժան իր ուսանողության իսկ շրջանին Մուրատ-Ռափայելյան վարժարանին հորիզոնեն դուրս ալ նայած է հաճախ, ուշադիր և ուշիմ աչքով մը Հայոց արդի գրական ու ազգային շարժման հետևած ու եվրոպական մտավոր աշխարհին քանի մը մեծ երևույթներուն վրա իր նայվածքը երկարորեն հառած է, բայց նույնքան հայտնի է, որ Մխիթարյան միջավայրին մեջ ինչ որ կա լավ, իր վրա ազդած է բարերարորեն, ու “Մխիթարյան միջավայր” ըսելով, կհասկնամ` ոչ որոշ վայրկյան մը Մխիթարյան տան կյանքին, այլ ամբողջ ավանդական մթնոլորտն այդ հաստատության: Վարուժան տեսած է հոն անցնիլն իր հոգիին առջևեն Բագրատունիներուն, Հյուրմյուզներուն, Պեշիկթաշլյաններուն ստվերին, Ալիշանը ճանչցած ու հասկցած է, խոկացած է օրինակին վրա մեծ նախորդներուն, որոնք ելած են Մուրատ-Ռափայելյան վարժարանեն, ու թևերը, զոր բնությունն իրեն արդեն իսկ շնորհած էր, ուժեղցած են այդ հզոր թռիչքներուն հպանցքեն:
Ազնիվ ու ճոխ հայերենը, զոր կգրե, տաղաչափական հմտությունը, զոր ցույց
կուտա, հստակ ու կուռ շարադրության, համաչափության ու կարգի դասական
հատկությունները, զոր ի հայտ կբերե, Մխիթարյան մթնոլորտին շատ բան կպարտին: Ինչ որ ի՛րն է, այն բուռն ու սուր զգայությունն է, տաք ու քաղցր սրտի մը հզոր ու խորունկ բաբախումը, ամենեն սովորական տեսիլներն ուրույն
եղանակով մը նկատելու, զգալու և արտահայտելու կարողությունը, որ կտիրե իր քերթվածներուն մեջ:
Որոշ խնամություն մը կգտնեմ իր և Պետրոս Դուրյանի միջև:
Ահա, օրինակի համար, քանի մը տուն իր հատորին առաջին քերթվածեն, որոնք
“դուրյանական” բան մը ունին.
Երգե՜լ կ'ուզեմ. թող սարսըռա բընությունն
Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`
Մանկան առջի բընազդական դըպչելուն.
Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի:
Երգե՜լ կ'ուզեմ. որոտներն ի՞նչ կ'ըսեն մեզ,
Կ'առնե խոսք մ'հովն ամպեն, հովեն ալ` ջաղաց,
Բա՛ռ ունի աստղն. երգել, երգե՛լ կ'ուզեմ ես,
Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված:
Կ'ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,
Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,
Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,
Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել:
Գըրված է Սերն` վարդին, Հավատքն` աստղին վրա,
Զանոնք հեգել կ'ուզեմ քընարի շըրթունքով,
Կ'ուզեմ բնությունն հորինել քող մը ծաղկյա`
Մտածման ամեն ձև իր ներքև քողելով:
Նմանապես սա տողերը.
Օ՜հ, ինծի ի՞նչ` թե կփետտեմ վարդին թերթ,
Եվ փուշինկյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մեջ կը նետվիմ,
Խինդս է ձանձրույթ, սերս է վիշտ:
Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ,–
Չեմ վախնար սև ծծելե.
Վանք մտնող կույս մ'եմ որ խըզված իր վարսեր,
Անխիղճ, անհոգ, կը դիտե:
Ակներև է արդեն, որ Վարուժան հաճախ, ու մասնավոր գորովով մը, կարդացած է Դուրյանը, մեկե ավելի անգամներ իր քերթվածներուն մեջ կհիշե խանդաղատանքով “Իսկյուտարի Սոխակը”:
Վարուժան չունի հոգեվարքի վարդերու այն անասելի դալկությունը, հատնող
լույսի այն կսկծալի ու եղերական գեղեցկությունը, որ Դուրյանին մեջ արդյունք է ա՛յնքան մահվան սպառնալիքն իր կյանքին վրա ցցված տեսնող հիվանդի ճակատագրին, որքան անոր արդեն իսկ թրթռուն, ցավագին ու կույս հանճարին:
Բայց Վարուժան ունի Դուրյանին հանկարծական, սեղմ ու վառ պատկերները, անոր
կտրուկ ու սրտե ուղղակի ժայթքող ճիչերը, և այն չեմ գիտեր ինչը, որ
ժողովրդական է ի բնե ու “հայ” և որ Դուրյանին բնազդական խորքը կկազմե:
Վարուժան ավելի հմուտ է, ավելի գիտակից, ավելի բազմալար, ինք պիտի ըլլա,
ինչ որ Դուրյան եղած պիտի ըլլար, եթե ապրեր ու զինքը մաշող ախտը չունենար իր ներշնչմանց գլխավոր աղբյուր Մանրամասն վերլուծում մը չէ, որ կուզեմ ընել հոս Վարուժանի հատորին, որ կպարունակե արդեն մեկ փոքր մասը միայն այն քերթվածներուն, զոր գրած է ցարդ և հրատարակած “Բազմավեպ”-ի մեջ և այլուր:
Շտապելու հարկ չկա, երբ մարդ Վարուժանի մը պես բեղուն բանաստեղծի մը դեմ կգտնվի: Այս հատորիկը մինակ չպիտի մնա: Վարուժան մեզի պիտի տա դեռ մեկե ավելի հատորներ, ամբողջ բանաստեղծություն մը, բազմագույն, կենսախայտ, ու հետզհետե ավելի հզոր ու հասուն:
Հատորիկը, ինչպես կուգա ներկայանալ հասարակության, ինքնին աղվոր
ամբողջություն մըն է: Դեռ անհավասար իր արտահայտության մեջ, պատանեկան անփորձութենեն ու հապճեպեն դեռ ոչ բոլորովին ազատված, Վարուժանի քնարը ամենամեծ հատկությունն ունի ինքնահատուկ հնչյունով մը օժտված ըլլալու, ու հոն ուր ուժեղ կթրթռա` ուժը կձգտի դեպի շատ վեհ բարձունքներ, ուր մերթ կհասնի շքեղ թռիչով մը:
“Մուսային”, “Հայր, օրհնե՛”, “Վշտին”, “Հավերժության սեմին”, “Հիվանդ է”,
“Արյունոտ ճյուղը”, “Երազ և խոհ” տիտղոսված քերթվածները հոյակապ էջեր են, և գեղեցիկ բաներ կան “Հաշիշ”-ին, “Մեռածին համբույր մը”-ին մեջ:
“Արյունոտ ճյուղը” զմայելի բալլադ մըն է, գոհար մը գրեթե անթերի այդ
փափուկ ու թանկագին քերթողական սեռին, որմե այնքան քիչ նշույլ ունի մեր
գրականությունը: “Հիվանդ է”-ին մեջ, Վարուժան կերգե ղարիպության մեջ
մեռնող Վանցի կտրիճի մը եղերավեպը, հին պատմություն, զոր անթիվ
ժողովրդական երգեր ավաչած են արդեն, բայց որ Վարուժան գիտցած է նույնքան խոր զգացմամբ և նոր շեշտով մը, թարմ գույնով մը վերանորոգել.
Ըստվերին մեջ, խանի մ'անկյունը լըքված
Թըշվա՜ռ պանդուխտ, հիվանդ է.
Խոնավությունն անոր մարմինը շիթ շիթ
Գերեզմանին կը նետե:
…Մըթընշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի
Մըթընշաղի մը նըման.
Լըռությունն հոն կարծես դագաղ մը կ'երկնե.
Օրոցք` տունեն գերեզման:
Երիտասարդ է տակավին, և փեսա.
Պոլսեն մինչև Վան հեռու,
Հոն` հաց կ'ուզեն հարսն ու ծընողք. զի՜նք կ'ուզեն.
Դեռ շատ շուտ է մեռնելու:
Ան իր արյունն իր քըրտինքով կը շահեր…
Տե՛ր, ի՞նչ սըրտով կը կոտրես
Թևն` որուն վրա կը թըռթընին մանուկներ
Եվ ծընողքներ ձյունագես:
…Պիտի մեռնի. և իր բընիկ լուսնին տակ,
Հարսը սիրո ծարավով`
Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասե…
Խեղճ վանուհի, ապահով
Հույսի ամեն խոստումներու վայելքին`
Կը ծիծաղիս աստղին հետ.
Մինչդեռ կյանքին երկընքին վրա կը գըծվի
Շանթը շողին զուգահետ:
Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան
Իրենց միացումն` այտերուդ.
Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կը վառի
Նախանձելով աչքերուդ:
Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես
Ըմբոստանքներն համբույրին…
Վաղն, հե՜գ ծաղիկ, պիտի ճամբորդ մը գուժե.
“Մեկ աչքը բաց թաղեցին”:
“Երազ և խոհ”-ը (որուն տիտղոսը չեմ սիրեր) ուժեղ տեսիլքով մը կգծե դեմքը
սատանին, զայն ջախջախելու համար Աստուծո դեմքին ամենագեղ ճաճանչավորման տակ. Վարուժանի համար այդ երկու խորհրդանշաններն իրենց դասական նշանակությունը կպահեն. սատանը` չարն է, տգիտությունը, խավարը, Աստված` բարին, գեղեցկությունը, լույսը: Հյուկոյական շունչ մը կանցնի քերթվածին մեջեն. սքանչելի են տողերը, որ կպատկերացնեն սատանին երևումը.
Պառկած էի. խոր լըռությո՜ւն. գիշեր էր…
Ճըրագս յուղե պատերն արյուն կը ներկեր:
Ծանրացավ մըրափ մ'աչքերուս.
Մըտածումնե՛րըս երազի մեջ սուզան,
Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական
Կոպերուս վրա՛ տըվին ######ս:
Սև դեմքի մ'հետ ձեռք մը տեսա մահճիս քով.
Կուրծքիս դըրավ մատերը բոց եղունգով,
Սընդիկի պես խորամուխ:
Փայտ կըտրեցավ լեզուս. վախցա՛ շեկ աչքեն:
Ես ճանչցա զայն. սատններուն ամենեն
Կատաղին էր` մ'է՛ն թուխ:
Բացավ բերանն` որուն մեջ լինդ միայն կար.
Իր ակռաները խորտակված էին վար
Իյնալու օրն երկընքեն…
Ըսավ. – “Սըրտե՛դ, սըրտեդ քաշել ես եկա
Զայն` որուն տեղն իմ տեղըս պետք է ըլլա.
Տո՛ւր, ինծի՛ տուր սերդ իրեն”:
Հետո կուգա պայքարն բանաստեղծին հոգվույն ու սատանին միջև, որ կպարտվի. և երազողը արթնցած` հրճվանքով կզգա Աստված իր սրտին մեջ, անխախտ.
Ա՜հ, արթընցա: Եվ միտքըս շուտ մ'ըշտապեց
Սըրտիս վըհին. դեռ Ան հոն տեղ էր, անեղծ,
Յոթն արևի նըման ջերմ:
Դևն եղունգով լանջքըս շերտած էր տեղ տեղ.
Ուրախ էի` որ եղա զրահ մ'արյունհեղ
Անոր համար, Անոր դեմ:
Տարօրինապես ազնիվ է ու սրտաշարժ զգացումը, որով տոգորված է “Հայր,
օրհնե՛” քերթվածը. հոն, իր բյուրեղի մաքրությունովը, առտվան արևու աղվոր
ու թարմ ջերմությունով` ի հայտ կուգա “բարի մարդու” սիրտը, որ կբաբախե
այս բանաստեղծին մեջ.
Հա՛յր, ես կ'էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերերուդ կենդանի....
Բավական է. - աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի, հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։
Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես
Եվ ես քեզի հաջորդեմ...
Խոնջե՜նք, խոնջե՜նք, կ'ուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ...
Հայր իմ, օրհնե՛. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՜, հա՛յր:
Գեղեցիկ տողեր կան “Մուսային” տիտղոսված կտորին մեջ, որ կերպով մը
բանաստեղծին քերթողական հավատո հանգանակն է – և հանգանակ մը մեծ
ազնվությամբ ու արությամբ հղացած: “Վշտին”-ը հատորին ամենեն խորունկ ու
ամենեն աղվոր կտորներեն է.
Ինծմե հեռո՜ւ, ահավոր է տեսնալ քեզ.
Գարնան ծաղիկն ուղխին կըրնա՞ դեմ դընել.
Ո՛հ, քեզի հետ ի՞նչպես կըրնամ չափվիլ ես.
Դու արհեստիդ մեջ վարպետ ես և ընդել:
Դեռ նոր դըրի մեծ հովտին մեջ իմ քայլեր`
Ուրկե` երկա՜յն ճամբան կ'երթա նեղնալով.
Ծայրն է շիրիմն` զոր հասակս այս չի տեսներ
Կամ կը տեսնե միայն սոսկմա՜ն մը դողով…
Քայլիս առջև` մի՛ վերցըներ այդ հովտե`
Ծաղկի, շողի և ցողերու պատմուճանն.
Թո՛ղ որ երկնի հորդ ալիքներն հըրեղեն
Հոն` կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան:
Բայց, իր պարմանական հոգիին ամբողջ հասկնալի ու գեղեցիկ զարհուրանքն ու սոսկումը նետելե հետո վշտին, բանաստեղծը կվերջացնե երգը ունկնդրելով
անոնց, որ կըսեն, – և իրավունք ունին, – թե վիշտը մեծցնող, ազնվացնող, դեպի իդեալն առաջնորդող մեծագույն ուժն է.
Ճակտին վըրա, ակոսներուն մեջ վըշտի`
Կը ցանվի սերմն իտեալին սեփական.
Օր մ'այն հոգին` որ ցավերով կը տվայտի,
Պիտ' դառնա վարդը Անհունին խընդության:
“Հավերժության սեմին”-ը ամենեն հզոր կտորն է հատորին, և մին ամենեն շքեղ
էջերեն հայ բանաստեղծության: Մահվան խորհրդին հանդեպ այդ լայն ու սարսռագին խոկումը նորեն մտածել կուտա Հյուկոյին, ձևովը մանավանդ. եթե հայ բանաստեղծներեն Դուրյանը Վարուժանին վրա ազդած է ավելի, հայտնի է, որ եվրոպացիներեն Հյուկոն ամենից ավելի իր հոգին խոսած է և հոն իր մեծ արևեն քանի մը ճառագայթ ձգած: Չեմ կրնար ինքզինքս արգիլել հաճույքը հիշատակելու քերթվածին գեթ սկզբնավորությունը, որ հրաշալի է.
Գերեզման մ'էր, լերան ոտքին, գետին մոտ.
Թափառական քայլերըս զայն գըտան հոտ,
Երբ կ'երթայի երազուն,
Իրիկունն, հագած արևին հուսկ շողը լալ
Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ,
Փըթթելու մոտ աստղերուն:
Գերեզման մ'էր: Խաչ մը անտաշ, քար մ'անխոս.
Քարն անանուն, և խաչըն ալ` անքրիստոս,
Հոն կը հըսկեն մենակյաց.
Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ,
Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ'
Գիսակներովն հոն կապված:
Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն
Որ կ'օրորե այդ քունն իբրև մայր մ'անքուն:
Տերևներու սոսափներ,
Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին
Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն
Իր նայվածքներն է թափեր:
Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է` հըսկա
Ուխտավոր մ'այդ գերեզմանին, զի տեսա
Անմոռուկներ ինքնաբույս`
Զոր կապած է բնական ոլոռ մը` խաչին,
Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին
Քարին ծըռած սիրահույզ:
Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով
Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով.
Գյուղի գիշեր մը երբե՛ք
Ա՜յնքան լավ չի ծըծեր ղողանջը զանգին`
Որքան ծըծեց մահվան այս փոսը լըռին
Հոգվույս ճիչերն հուսաբեկ:
Խոնարհեցա և կածես ինձ հետ բոլոր
Բնությունը հոն խոնարհեցավ, ահավոր
Ըստվերին մեջ ծընրադիր.
Եվ միացավ իրերուն սիրտը սըրտիս`
Խիզախորեն ընկըղմելու համար զիս
Խորհուրդին մեջ սևածիր:
Վար, վար: Լըռե՛, ճըպուռ սյուքե՜ր, լըռեցե՛ք.
Դագաղին խորը չի հասնիր ձայնն երբեք.
Գերեզմանին քարին տակ
Մայր – լըռությունն է բանտարկված: Վար, վար, վար.
Կը կարկի գետն, աստղը կ'մարի, հով չի գար.
Վի՜հ, մութին պես անհատակ:
Կը խափանեն մըտքիս թևերն. ո՞ւր է, ո՞ւր
Վախճանողին գացած ճամբան. ո՛հ, ի զուր
Կը փընտըռեմ հոն, իմ շուրջ,
Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն
Անդըրշիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն,
Ո՞ւր է Խորհուրդն. Աղջամո՜ւղջ:
Ըսի վերև, որ Վաուժանի հատորը անհավասար է: Այն քերթվածներեն դուրս, զոր
հիշատակեցի, մյուսները, առանց զուրկ ըլլալու մերթ գեղեցիկ իմաստներե ու
սիրուն տողերե, թույլ են, երբեմն նույնիսկ տափակ: Ու նույնիսկ այն քերթվածները, զոր հիշատակեցի հիացումով, զերծ չեն ձևի թերություններե: Գրողի մը մեջ միայն և է՛ն առաջ թերություններ տեսնել և անոնց մեջեն նկատել անոր գործն ու տաղանդը, անոնցմով մրոտել և ուրանալ ինչ որ կա անոր մեջ գեղեցիկ և առողջ, գծուծ հոգիներու և կարճատես մտքերու վարմունք է: Կան գրողներ, որ բազմաթիվ տկար արտադրությանց հետ տված են մեկ կամ երկու
հզոր ու կատարյալ գործ. ճշմարիտ քննադատը կնկատե է՛ն առաջ այդ դրական
տարրը գործին մեջ:Հյուկոյի գործերուն, որոնց թիվը հարյուրը կանցնի, մեկ չորրորդ հազիվ պիտի ապրի, բայց այդ մեկ չորրորդ այնքան շքեղորեն ուժեղ է,
որ մյուսներուն տկարությունը ոչ մեկ կերպով չի կրնար վնասել անոր անմահությանը: Ժամանակը, որ մեծ ընտրողն է, կուգա, կավլե կտանի ինչ որ թույլ է, ու կպահպանե ինչ որ կարող է դիմանալ դարերու կրծումին: Սակայն եթե սխա է գրողի մը մեջ միայն թերությունները տեսնել, նույնքան սխալ պիտի
ըլլար զանոնք բնավ չնկատել: Երբ մանավանդ կգտնվինք հանդեպ նորածիլ տաղանդի մը, որ իր ճամփան դեռ նոր կբանա, անհրաժեշտ է իրեն ցույց տալ իր առաջին էջերուն մեջ գեղեցկություններուն հետ ինչ որ կար տկար, ատով իրեն օգնած կըլլանք ոչ միայն հզոր ներշնչումով ու խոր զգացողությամբ բանաստեղծ մը ըլլալու, ինչ որ Վարուժան է արդեն, այլև անթերի արվեստագետ մը, ինչ որ ըլլալու համար բոլոր ձիրքերն ունի: Վարուժանի թերությանց ամենեն աչքի զարնողը տեսակ մը “վարժապետական” նոթ է, որ հաճախ կուգա ավրել իր ներշնչմանց մաքությունը, դանդաղեցնել իր թռիչքը նույնիսկ իր ամենեն գեղեցիկ քերթվածներեն ոմանց մեջ, արձակունակ ու հասարակ գույն մը կբերե կսահեցնե իր քերթողական երանգապնակի վրա.
…Երիտասարդ` բայց շուտ ճանչցած շատ բաներ…
…Զի մարդըս այնքա՜ն կը շտապե` մեջտեղեն
Վերցընելու իրեն նըմանը արդեն…
…Աղքատությունն ըզմարդ կ'ընե ախտավոր.
Բյուր գինովին ինն հազարն են չըքավոր…
…Ո՛հ, փոթորկե փոթորիկ մի՛ հուզեք զայն,
Այսինքըն` խոլ բարկութենե բարկություն…
…Ըսպիտակ էջ, որուն մյուս կողմն է գըրված
Անպատճառ բան մը Մահեն…
Հատորին մեջ կան մի քանի քերթվածներ, որ ամբողջապես վարժապետական են նյութի հղացմամբ ու արտահայտության ձևովը (“Դաստիարակը”, “Տղաք, ներեցեք”, “Չորս տարեկանի մը նամակը”), ահա քանի մը տողեր, որ գաղափար
կուտան.
Մի՛, մի՛ ծեծեք: Ի՛նչ, խառնակե՞ց ձերին խաղ.
Կամ թե անգետ և դիպվածով, մըտազբաղ,
Ձեր գընդակի՞ն զարկավ ոտքոբ մեկեն մեկ.
Թափե՞ց մելանը թուղթներուդ. – Ներեցեք:
Ո՜հ, ներեցեք, զի հայ մըն է, մեր եղբայր…
(Դաստիարակը) Թոք կը սպառե, միտք կը լըլկե, շունչ կու տա,
Եվ չի խորհիր իր վերքերուն.
Մանկության դեմ դըրած ամբողջ ծերությունն`
Կը բաժնե իր ծովը բազում լըճի վըրա…
Վըսե՜մ կոչում… և այլն:
Ասոնք հրապարակագրություն են կամ ճառախոսություն, բայց ոչ բանաստեղծություն: “Դաստիարակը” քերթվածը տասն անգամ արդեն ատենաբանված է մեր մեջ, ու շատ լավ կերպով, Ռեթեոս Պերպերյանեն: Վարուժան մեզի ուրիշ բաներ ունի ըսելու, ավելի նոր, ավելի ուժեղ, իր բանաստեղծի սրտի խորեն ժայթքած, իր քնարը ատո՛նց միայն թող պահե:
Այդ նոթը Վարուժանին մեջ եկվոր է, իր բնության ու խառնվածքին զավակ չեմ կրնար ընդունել զայն: Պետք է – ատ ալ – մտած ըլլա իր մեջ Մխիթարյան
միջավայրեն, որուն գրականության ժխտական կողմերեն մին կազմած է ան և որմե Ալիշաններն իսկ չեն կրցած զերծանիլ: Հյուկոյին ալ ներգործությունը կարելի է տեսնել հոտ, որովհետև ոչ ոք այնքան “վարժապետ” է, նույնիսկ “տիրացու”, որքան Հյուկոն ամեն անգամ, երբ թևերը հոգնած ըլլալով, աթոռի մը վրա նստած քարոզ տալու կելլե: Արդ, ոչինչ ավելի անհաշտ է “բանաստեղծության” հետ, քան “քարոզը”. բանաստեղծությունը պետք է երգե, ոչ թե տրամաբանե, դասախոսե, ապացուցանե: Ու ասով չեմ ուզեր սահմանափակել բանաստեղծության ոլորտը. ան այնքան լայն է, որքան տիեզերքը, ամեն բան, գիտությունը, ֆիլիսոփայությունը, գիտական հարցերը, ինչպես բնության գեղեցկություններն ու սերը, ու նույնիսկ կաթիլ մը ցող, ու նույնիսկ ճանճի մը բզզյունը կրնան նյութ ըլլալ բանաստեղծության, պայմանավ սակայն, որ քերթողի հոգի հաջողի հալեցնել, աննյութականացնել, թևավոր ու թրթռուն ու գեղեցիկ դարձնել այդ բոլորը: Ոչինչ ավելի դյուրին պիտի ըլլա Վարուժանի համար, քան իրմե դուրս նետել այդ անախորժ տարրը, որովհետև իր հոգին թևեր ունի ի բնե իեն շնորհված և շատ զորեղ, ու այդ թևերը` երբ կթրթռան` զմայելի երաժշտություն մը կարձակեն:
Ուրիշ թերություն մը, պատկերներու և բառերու անճիշտ կամ անճաշակ
ընտրությունն է, որ մերթ, նույնիսկ լավագույն կտորներուն մեջ, կնկատվի.
Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ,
Ե՞րբ պիտ' տըրվի անոր ծնուցիչ քու համբույր:
Պատկերը ճիշտ չէ, քանի որ “սաղմ”-ը բնախոսապես արդյունք է “ծնուցիչ համբույր”-ին, և գոյություն առնելո հետո ա՛լ պետք չունի ոևէ համբույրի սպասելու:
…Անոր վըրա պիտի սիրտս հար քըրտընի…
“Սիրտ մը որ կքրտնի”, աղվոր չէ, և բնական չէ պատկերը:
Կսմըտեցի, կռփեցի…
Այս բառերը` գործածած սատանին դեմ բանաստղծին պայքարը նկարելու համար, գռեհիկ են, քմծիծաղ կարթնցնեն, պայքարին մեծությանն ու վեհությանը համապատասխան բառեր չեն: Կան վերջապես Վարուժանի քերթվածներուն մեջ տաղաչափական անփություններ. ըսի որ քաջ գիտե հայկական տաղաչափությունը, և զայդ կապացուցանեն իր տողերուն մեծամասնության կուռ շինվածքը, դաշնակավոր սահքը, շեշտերու գիտակից կիրարկումը. բայց դժբախտաբար Վարուժան մերթ անհոգության նշաններ կուտա, իմաստին լիալիր արտահայտմանը համար տաղաչափության պահանջները զանց կառնե: Ատիկա արդեն գրեթե բոլոր հայ բանաստեղծներուն թերությունն է, ֆրանսիացի հետին բանաստեղծը տաղաչափական օրենքներուն կճգնի պատշաճացնել իր ներշնչման թռիչքը. ոտանավորը երաժշտություն է ամեն բանե առաջ, ու ոևէ մեղանչում երաժշտականության դեմ աններելի պետք է ըլլա բանաստեղծության մեջ. մեզ մոտ` նեղը մնալուն պես` կզոհե երաժշտականությունը: Հյուրմյուզն ու Պեշիկթաշլյանն են, որ ամենեն ավելի հարգած են այդ պայմաը իրենց տաղաչափած էջերուն մեջ. ու նույնիսկ Պեշիկթաշլյանին մոտ կգտնենք անկարելի տողեր, ինչպես հետևյալը…
Թե երգք թռչին սրողաբար…
Վարուժանին քերթվածներուն մեջ բավական բազմաթիվ տողեր կան աններդաշնակ, ուր բաղաձայնները կխճողվին, մերթ տողն անընթեռնելի դարձնելու աստիճան.
Երբ տվիր անոր թանգ ավարի մ'հղփությունն.
Կը ծնանի, – չի կար. է
Լուռ ու տձև,
(է-ն տողին ծայրը ստորոգելիներեն առաջ` խորթ է աշխարհաբարի մեջ):
Երգեոնիկ մ'է միայն` իր մեծ հարստությունն…
… Դիակ մ'ըլլալուն համար սոսկ…
… Որ բաժանում մը մըխեց խոր, դժնդակ…
… Տրվելով կրոնն` մարդուն, բառին ոտ'նավոր…
Այս թերությունները Վարուժան ինքն իսկ պիտի նկատե անշուշտ և պիտի ուղղե իր ապագա արտադրությանց մեջ: Իրմե մեծ բաներ, ու կատարյալ բաներ
կհուսանք: Իր սկզբնավորությկունը մին է ամենեն շքեղներեն, որ հայոց մեջ հայտնված ըլլան: Մեր այս ցավի ու սուգի օրերուն մեջ մխիթարություն մըն է տեսնել, իրմով, անգամ մը ևս, հոյակապ ապացուցումը հայ հանճարին հարանորոգ կենսունակության, հակառակ մեր վրա ծանրացող անողոք ճակատագրականության բոլոր խեղդիչ ու ջախջախիչ պայմաններուն:
Արշակ Չոպանյան: