Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ, բ.գ.թ.
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ
Հայերենի բարբառներում հաճախ ածականական իմաստ են ստանում հատուկ անունները՝ տեղանունները և անձնանունները, դրանցով կազմված կամ դրանց առնչվող բառերն ու բառակապակցությունները։ Ի դեպ, հատուկ անուններից կազմված հոմանիշներն ունեն զանազան իմաստներ, որոնք ոչ միշտ է հնարավոր պատճառաբանել։ Տեղանուններով և դրանց առնչվող բառերով արտահայտված հոմանիշները քանակապես գերազանցում են անձնանուններով կազմվածներին։
Տեղանուններով և սրանց առնչվող բառերով արտահայտված հոմանիշներ
Նկատելի է, որ այս շարքում ընդգրկված հոմանիշների մի զգալի մասը
առնչվում է Աստվածաշունչ մատյանի հետ։
Պոլսի բարբառում “խեղճ” ածականին հոմանիշ է Իսրայել տեղանունը, որը բնորոշում է անճարակ, հինումին զգեստ հագած ընչազուրկ մարդկանց։ Այս ածականի հիմքում ընկած է Իսրայելի ժողովրդի՝ Եգիպտոսում գերի լինելը1։
“Ավեր” ածականին հոմանիշ են ակօռի, Գրս., ագոլուգ, Մշ. Տգր., սըթումա գոմեր, Գնձ. արտահայտությունները. առաջին հոմանիշի համար որպես հիմք է ընդունված Ակոռի գյուղի՝ 1840 թվականին երկրաշարժից հիմնահատակ ավերվելը, իսկ երկրորդի համար՝ Սոդոմ և Գոմոր քաղաքների հինկտակարանյան ավերումը2:
“Բռի” ածականին Շամախիի խոսվածքում հոմանիշ է խոյեցի բառը։
“Հպարտ” արմատական ածականին հոմանիշ Ղազտաղիեն ջուր խմող, Տրպ. ՀՆ. արտահայտության մեջ ի նկատի է առնված Ղազտաղի լեռը, որ հատկանշվում է իր բարձրությամբ և սառը, քաղցրահամ ջրերով:
“Ճարպիկ” ածականին հոմանիշ է Թիֆլիսի// Քռի ջուր խմած, Շիր. Ար. նկարագրական արտահայտությունը, “գող” ածականին՝ սիբիրական, Թբ. Ղրբ. բառը։
Արարատյան, Վանի, Ղարաբաղի, Կաղզվանի, Բութանիայի և այլ բարբառներում “ընտիր”, նաև “հյութեղ և քաղցրահամ” ածականներին հոմանիշ է մալաթիա3 (մալաչա, Ար. Կղզ. Վն.//մալաչի, Ար. Ղրբ. Վն. //մալաչիկ, Վն.) տեղանուն-ածականը, որը հանդես է գալիս որպես որոշիչ տանձի շատ ընտիր մի տեսակի։ “Ընտիր, լավ” բառերին հոմանիշ է նաև քաղաքավարի, Ղրբ. բառը, որով մասնավորաբար մատնանշվում է վրացական կամ Թիֆլիսի տարազը, որն ըստ ղարաբաղցիների՝ հարմար է, վայելուչ և պատշաճ։
“Ամուր” ածականին հոմանիշ է սպահանի, Վն. բառը, որը հատկանշում է ամուր փայտ ունեցող մի ծառատեսակ, որից թի են պատրաստում։ “Անոթի” բառին հոմանիշ է Պաղտատը ավերակ, Խրբ. նկարագրական ձևը, “ծույլ”-ին՝ Բաղդըդու անգյալ, ՆԲ. Մշ., “խենթ”-ին՝ Խորասան արտ ունեցող, Կյուր., Շամա էշ, Մշ., “խարդախ, խորամանկ լրտեսող”-ին՝ ասեղին ծակեն Հնդկաստանը տեսնող, Պլ. Ք., “հեռու և օտար”-ին՝ արանդա-թուրանդա (=Իրան-Թուրան), ՆԲ. զուգորդական հարադրությունը և այլն։
Հայերենի բարբառներին և ժամանակակից ժողովրդախոսակցական հայերենին բնորոշ է որևէ տեղացի լինելուն ինչ-ինչ հատկանիշներ վերագրելը։ Շատ հաճախ հարևան տարածքների բնակիչները, իրենց առավելությունն ընդգծելու համար գործածում են տարբեր արտահայտություններ՝ դրանց վերագրելով հեգնական, ծաղրական, նախատական, հանդիմանական, պարսավական և այլ բացասական նրբիմաստներ։ Այդպիսի կազմությունները հիմնականում հոմանիշ են “վատ”, “նվաստ”, “չնչին”, “բութ” և նման իմաստներ արտահայտող ածականներին։ Բացի հանրածանոթ բնորոշումներից, մեր աշխատանքի ընթացքում հանդիպեցինք բավականին թվով հետաքրքիր ածականական հոմանիշների, որոնցով միմյանց բնորոշում են հարևան տարածքների բնակիչները։
Խիստ բացասական բնորոշումները զանց առնելով՝ մեջ բերենք դրանցից մի քանիսը, որոնց իմաստային հիմքը երբեմն դժվար է բացատրել։ Այսպես՝ Թիֆլիսի և Պոլսի հայերը գործածում են խըռօ, Դավրեժի հայերը՝ հըռօ՝ “բռի”, “կոպիտ” բառերը՝ իբրև անարգական արտահայտություն գավառացիների, գյուղացիների. արևելահայերը արևմտահայերին անվանում են կըռօ, Եր. Թբ.։ Թբիլիսիի բարբառում այդ բառը մասնավորաբար Ախալցխայի և Ախալքալաքի շրջանների գյուղաբնակներին տրվող ծաղրանուն է, իսկ Լոռիի խոսվածքում՝ լեռնաբնակներին տրվող մականուն։ Առհասարակ լոռեցիք շիրակցիներին կըռօ են կոչում՝ բացասական հատկանիշներ վերագրելով նրանց։ Կըռօ բառին հոմանիշ են կօշտ ու կօպիշտ, Եր. //կօշտ ու կօպիտ, Թբ. արտահայտությունները. այդպես են տփխիսեցի հայերը կոչում ղազախեցոց։ Թիֆլիսի հայերը իրենց կոչում են մաստակ ծամող, Մեյդան թաղամասի բնակիչներին՝ մադանեցոց՝ խլէզախօրօվ, Օրթա Ճալայում բնակվողներին՝ գօրտնակէր։ Շանճրագ ածականով բնորոշում են երևանցիներին և հավլաբարցիներին, որոնք նույնպես երևանցի վերաբնակներ են։ Հավլաբարցի հայերին տալիս են նաև մօրէխ ուտօղ, Թբ. ծաղրական մականունը, շուլավերցիներին՝ արջ-արջ՝ “բռի”։ Հոսհոս (արևմտահայերեն՝ հոս=այստեղ), Եր. Թբ. նախատական դերանուն-ածականով արևելահայերը բնորոշում են Պոլսի հայերին: Վանեցիները՝ որպես քաղաքաբնակ, գյուղացիներին անվանում էին շակալբերան, որ ունի “անմիտ, մեծ, բաց բերանով” իմաստները։
Տիգրանակերտի բարբառում հօռումթութ և հօռումթութի բառերում հօռում (=հոռոմ, լատինացի) ձեռք է բերել ածականական իմաստ և որպես “սև” ածականին հոմանիշ՝ բնորոշում է թթի և թթենու մի տեսակը4։ Մալաթիայի բարբառում կա հօրունթութ5 բառը, որտեղ հօրուն նշանակում է “կարմիր”: Կարելի է ենթադրել, որ այն հօռում բառի հնչյունական զուգաբանությունն է:
Թբիլիսիի բարբառի լոթի (վրացերեն լոթի՝ “գինով”, լոթոբա՝ “գինովնալ, հարբել”) բառով քաղաքի բնակիչները շամախեցիներին վերագրում են “հիմար” և “թեթևամիտ” արհամարհական հատկանիշները։ Նույն իմաստն ունի լոթի-փոթի կրկնավորը, որն իբրև ծաղրական անուն թիֆլիսեցիք տալիս են շուլավերցիներին։ Սալմաստցիներին թիֆլիսեցիները կոչում են էշ ներկող (իբրև թե գողացած էշը ներկում են, որպեսզի անճանաչելի դառնա, և ապա վաճառում են նախկին տիրոջը)6, խաչագող, որոնք հոմանիշ են “ճարպիկ”, “ճարտար” բառերին։ Իրենց բնորոշումներում չափազանց անողոք թիֆլիսեցիները սանահնեցոց անվանում են հարսնասիրուն, որ հոմանիշ է “լավ, ընտիր” ածականներին և ի նկատի են առնված բազմաթիվ սիրուն, պարկեշտ հարսները, որոնք Սանահինից բերվում էին Թբիլիսի։
Այս առումով հետաքրքիր է նաև երևանցիների լեզվական մտածողությունը։ Բրդաբերան, Ար., ջամաղակեր, Ար., բրդաբերան ջամաղակեր, Ար. ածականական հոմանիշներով երևանցիները և շրջակա գյուղացիները բնորոշում են փարպեցիներին։ Թիֆլիսի բարբառում և Աշտարակի խոսվածքում սատանա խաբող արտահայտությունը հոմանիշ է “ճարպիկ, ճարտար” ածականներին, որով բնորոշվում են կարբեցիները։
“Մտերիմ” ածականին հոմանիշ ախպերացու, Լ. Ղզխ. բառով գյուղացիները կոչում են իրենց ծանոթներին, “օտար” ածականին հոմանիշ է այլազգ, Ադն. Պլ. բառը, որով հատկանշվում են միայն մահմեդականները՝ տաճիկները։ Պոլսեցիները դուրսեցի են կոչում գավառացիներին, մասնավորաբար՝ Անատոլուի բնակիչներին, նորնախիջևանցիները՝ բոլոր նրանց, ովքեր նախիջևանցի չեն, իսկ համշենցիները՝ ոչ համագյուղացիներին և այլն։
“Նվաստ” ածականին Թեոդոսիայի խոսվածքում հոմանիշ է չում ուտող //չում ուտող արջ բառակապակցությունները, որոնցով ծաղրաբար բնորոշվում են հինղրիմցիները։
“Հարազատ, յուրային” ածականները Ոզմիի բարբառում ունեն տըփող հոմանիշը, որով ոզմեցիները կոչում են միմյանց։ Տըփող բառը ծածկաբար նշանակում է “լպուտ, բուրդ գզող”, որով հիմնականում զբաղվում էին ոզմեցիները7։
Ղարաբաղի բարբառում “սիրուն” ածականին հոմանիշ է զոկ բառը, որով բնորոշվում են բարձրահասակ և գեղեցիկ աղջիկները՝ բնականաբար ի նկատի ունենալով ագուլիսցի աղջիկների արտաքին գեղեցկությունը (օր.՝ “Ըն հ՛ռթն՛ հունց ա զօկ ինի: Մին զօկ ախճէգ ըն պիրալ Ասկերանա”), իսկ Շամքորի Բարսում բնակավայրի խոսվածքում զոկ բառը հոմանիշ է “ժլատ” ածականին։ Մոքոց, ՆՆ. նախատական ածականով Նոր Նախիջևանի հայերը բնորոշում են իրենց շրջակա վեց գյուղերի բնակիչներին։
“Վատ” ածականին հոմանիշ են տըռճան, տըռճան շուն արտահայտությունները (Պոլսում համարվում է “դրուժան” բառի տարբերակ)8, որոնցով Մանիսայի և Պոլսի հայերը բնորոշում են միայն հույներին (օր.՝ տըռճան հոռոմներ), Եվդոկիայում այդ բառը հոմանիշ է “դաժան” ածականին, Սվեդիայի բարբառում տըռճան-ը որոշիչ է չար, անհանգիստ երեխաներ բնութագրելու համար և այլն։ Վերջին օրինակը առնչվում է տըռճըկել բայի հետ, որ Մուշի, Կարնո և այլ բարբառներում ունի “անհանգիստ ցատկոտել, ոստոստել” իմաստը:
Ինչպես ցույց են տալիս օրինակները, հոմանիշների գերակշիռ մասը առանձնահատուկ է արևելյան խմբակցության բարբառներին, հատկապես Թիֆլիսի բարբառին և Երևանի խոսվածքին։ Այս երևույթը հավանաբար բացատրվում է մեծ բնակավայրերի, քաղաքի կենցաղավարությամբ առանձնացող բնակիչների՝ գյուղական բնակավայրերում ապրողների հանդեպ ունեցած ոչ նպաստավոր, քամահրական վերաբերմունքով։
Ազգային կամ ցեղային պատկանելությանն առնչվող բառերով արտահայտված հոմանիշներ
Որևէ ազգի կամ ցեղի անունը բարբառներում երբեմն ձեռք է բերում ուրույն մեկնաբանություն, հաճախ ստանում է ածականական իմաստ և հանդես գալիս որպես հոմանիշ։ Այսպես՝ ուռուս միջին հայերենից վկայված բառը “ռուս” ուղիղ իմաստից զատ Մոկսում, Լոռիում, Ղարաբաղում և այլուր ունի “շեկ, շիկահեր” և “խաժ, կապուտաչ” փոխաբերական իմաստները (օր.՝ ՔՑ պըզտը ուռուս լ՛ճ, Մկս.)։ Նշված իմաստն է արտահայտում Ղարաբաղի բարբառում ղազախ բազմիմաստ բառը, որը նաև նշանակում է՝ 1. “սպիտակամորթ”, 2. “սիրուն, հաճելի դիմագծերով”։
Պոլսեցիները բռի, տգետ, նաև խարդախ ու խորամանկ անձնավորությանը բնորոշում են հինկտակարանյան փղշտացի բառով, որում ի նկատի է առնվում փղշտացիների՝ նենգությամբ Սամսոնին հաղթելը9:
Զազա քրդական ցեղանունը Նոր Բայազետում, Արաբկիրում, Սասունում հոմանիշ է “հիմար” ածականին։ Նույն բառը Արաբկիրում և Ակնում հոմանիշ է “համր” ածականին, իսկ Պոլսում ունի “շաղակրատ” իմաստը։
Քուրդ ազգի անվան հետ են առնչվում նաև քըրդի ընգուզ, Երզ.՝ “ամուր, չկոտրվող”, թոլնկի քուրդ՝ “խեղճ” (թոլնկի՝ ﻯﮐﻨﻝﺘ պարսկ.՝ “մուրացկան”), քըրդի ոչխարի նման, Սս.՝ “վտիտ, նիհար” (Սասունում այն մտայնությունը կար, որ քրդերը ոչխար լավ չեն պահում), քՑրդ, Ղրբ.՝ “կոպիտ”, նաև “դիմացինի նկատմամբ անտարբեր”, քըրդի, Ղրբ.՝ “սև” (օր. քըրդի կեռաս՝ “ուշ հասնող, սև գույնի կեռաս”) և այլն։
Արաբկիրում “հիմար” ածականին հոմանիշ է լազ բառը, որը կովկասյան ցեղի անուն է։
Բարբառներում բազմիմաստ ածական է նաև կովկասյան թաթ ցեղի անվանումը, որը Նոր Բայազետում հոմանիշ է “հիմար” ածականին, Խնուսում, Խարբերդում՝ “թոթով”, “կակազ” ածականներին, իսկ Իջևանի և Բերդի տարածքում ունի նաև “ընտիր այգեգործ, բանջարաբույծ” իմաստը։
Հյուսիսային Կովկասի լեզգիների անունից Թբիլիսիի բարբառում ունենք լեզգի բառը, որը հոմանիշ է “բուռն, հախուռն” ածականներին։
“Պարապ” ածականին Ղարաբաղի բարբառում հոմանիշ է Անդրկովկասում ապրող գնչուների ցեղի բոշա կոչվող ճյուղի անվանումը։ Այն գործածվում է իմաստային որոշակիացմամբ՝ բնորոշելով միայն կանանց, քանի որ բոշա՝ գնչու տղամարդիկ տանն էին նստում, և միայն կանայք էին դուրս ելնում՝ գուշակությամբ, երգով ու պարով ապրուստի միջոց հայթայթելու։ Ինչպես նկատում ենք, տեղի է ունեցել բառիմաստի շրջում. իրականում կանայք ավելի զբաղյալ են, քան տղամարդիկ, սակայն պարապությունն ու անգործությունը հայերենում վերագրվում է կանանց։ Բառը բազմիմաստ է. Պոլսի, Արարատյան և այլ բարբառներում հոմանիշ է նաև “կոպիտ” ածականին։ Ախալքալաքում և Հավարիկում՝ բոշա, Երզնկայում՝ փօշա հոմանիշ են “ժլատ” ածականին։ Գնչուներին տրվող մյուս՝ ցիգան, ջինգյանա բառերը ևս բարբառներում հանդես են գալիս ածականաբար և հոմանիշ են “ժլատ” ածականին՝ ցիգան, Ար. Լ. 183//ցիկան, 185ա, 177//ցիխան, 94//ջինգօնա, Հմշ. 94//ջինգյանէ, 99բ, 17, “լկտի”՝ ջինգանա, Կր. Հվր. Մկս.//ջինգյանա, Ար.//ջինգոնա, Հմշ.//ջինկյանա, Ջվխ. և այլն։ “Հրեա”-ն ևս ածականական կիրառություն ունի, այսպես՝ յահուտ, Ամս.՝ “նվաստ”, ջըհէՕտ, Քսբ.՝ “ագահ”, ջըհուդ, Լ.՝ “դաժան” և այլն։
Պաշգալեում և Սալմաստում “հում” ածականին հոմանիշ են ճըղաթա (չաղաթա ազգի անունից) և թաթարի բառերը։ Թաթարները սովորություն ունեին միսը թամբի տակ դնելու. ձիու երկար վազքից միսը ծեծկռտվում, կիսահում էր դառնում, որից հետո ուտում էին։ Թարաքյամա-ն, որ նույնպես թաթարական մի քոչվոր ցեղի անվանում է, հոմանիշ է “կոպիտ” ածականին։
Հայերենի բարբառներում առանձնակի իմաստավորում են ստացել թուրք և տաճիկ բազմիմաստ բառերը։ Դրանք հիմնականում հոմանիշ են՝ Արարատյան բարբառում՝ “դաժան”, “վայրագ”, Պոլսում՝ “բռի”, Նոր Նախիջևանում՝ “համառ”, “ըմբոստ” և այլ ածականների։ Որպես “դաժան” բառի հոմանիշ թուրք-ի փոխարեն երբեմն ծածկաբար գործածվում են այլ արտահայտություններ, ինչպես՝ գործարան, կոյանոց, Պլ. (=արտաքնոց). հատկապես ասվում էր հին սերնդի մոլեռանդ թուրքերի մասին:
Ղարաբաղի բարբառի թօրքու թըռըմասկ արտահայտությունը հոմանիշ է “գեշ, այլանդակ” ածականներին, ըղուզ թուրքական ցեղանունը՝ “ագահ” բառին:
Ինչպես նաև՝ դաժան տաճիկ, Պլ., խածան տաճիկ, Կր., տաճիկ կտրած, Պլ., տաճիկ երես, Պլ.՝ “դաժան”, տաճիկբերան, Պլ.՝ “օտար”, տաճիկ կոկորդ, Պլ.՝ “ագահ, որկրամոլ”, թյուրք գաֆալը, Պլ., թուրքի գլուխ, Ար.՝ “հիմար” և այլն։
Ինչպես ցույց են տալիս բերված օրինակները, բացասական բնորոշումների քանակական առավելություն է նկատվում Պոլսի բարբառում, որը կարելի է բացատրել պատմական օբյեկտիվ պատճառներով:
Մեր մյուս հարևանների՝ պարսիկների և արաբների հետ առնչվող ածականական հոմանիշների բարբառներում քիչ հանդիպեցինք. օրինակ՝ լոռեցիք սպիտակցիներին և երևանցիներին կոչում են պարսիկ, Նոր Բայազետի բարբառում արաբի-արաբի խոսող են անվանում անմիտ և հիմար միտք արտահայտողներին:
Անձնանուններից առաջացած հոմանիշներ
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև անձնանուններով կերտված ածականական հոմանիշները, որոնք ստորև ներկայացնում ենք երեք հիմնական խմբերով։
ա) Աստվածաշնչական հիմք ունեցող անձնանուններից առաջացած հոմանիշներ. Այդպիսիներից առավել հաճախադեպ են հինկտակարանյան Ադամի անվան հետ առնչվող հոմանշային կազմությունները։ Այսպես՝ Ադամի՝ դրախտում մերկ շրջելը10 հիմք է հանդիսացել ադամամերկ, Եր. // ադամերկ, ՆՆ, Ադամա կաշով, Մշ.՝ “մերկ (բոլորովին մերկ)” ածականական հոմանիշների կազմության։ “Ծեր” ածականի հոմանշությունը արտահայտվում է հ՛թ՛մ, Գրս. Հդ., Ադամ պուպուզ տեսած, Շիր. և Սիմոն ծերունի, Ար. Ղրբ. որոշիչ-որոշյալ կապակցությամբ։ Համաձայն Նոր կտակարանի՝ Աստված Սիմոն ծերունու կյանքի տևողությունը սահմանում է մինչև Մեսիային տեսնելը։ Սիմոն ծերունի-ն հանդիպում է նաև Սիմոն ծերունի դառնաս բարեմաղթանքի մեջ, որով ցանկանում են, որ տվյալ անձը ապրի մինչև Մեսիայի երկրորդ գալուստը11։
Մուշի բարբառի Ադամին եզանը պես, Կեյվե-Միջագյուղի խոսվածքի Ադամին եզանը պես պառկած համեմատությունները հոմանիշ են “ծույլ” ածականին։ Քանի որ դրախտում մարդն անելիք չուներ, հետևապես Ադամի եզը լծվելու և վարելու հոգսերից ազատ էր, նաև ծույլ էր։ Հիմար մարդը բնորոշվում է Ադամա էշ, Ար. Կր. հատկացուցիչ-հատկացյալ կապակցությամբ։ Հին կտակարանի Մարգարեություններ գրքի Ամբակում գլխի համաբանությամբ Պոլսի բարբառի ամբակում և Ադանայի բարբառի ամբօ կրճատ ձևը հոմանիշ են “տխմար”՝ ածականին։
Տիրոջը երեսուն արծաթով մատնած, ապա ինքնասպան եղած Հուդայի12 անունից են կերտված հետևյալ հոմանիշները. “չար”, նաև “դավաճան” և “նենգ”՝ հուդա, Պլ.//հութա, ՀԲ.,Հուդայի ծնունդ, Ար., “թշվառ, բազմաչարչար”՝ Հուդի չարչարանք կրած, Եր., “ամայի”՝ Ութի ուրփաթ, ՀԲ., Հուդի ուրփաթ տ՛ռ՛ծ, Ղրբ. և այլն։
Ծաղկազարդի տոնի նախօրեին Քրիստոսից հարության շնորհ ստացած Ղազարոսն է ի նկատի առնված աղքատ Ղազարոս, ՆՆ. Պլ.//աղքատ Ղադօ, Ախց. Թբ. արտահայտություններում, որոնք հոմանիշ են “թշվառ” ածականին։ Հանդիպում են նաև կրոնական հիմք ունեցող այլ անձնանունների հետ առնչվող ածականական կազմություններ, ինչպես՝ “հին”՝ Նոյի տարվա, Ար., “չար, դաժան”՝ կայեն, Ար. Խրբ. Մշ., Կայենի կոտոշ, Խրբ. (կայեն-ը և Կայենի կոտոշ-ը նշանակում են նաև տգեղ), “շատ մեծ”՝ կայենական, ՆԲ. Մշ.՝ (օր.՝ կայենական արտ), “շողոքորթ, կեղծ”՝ մորուքը եպիսկոպոսի, սիրտը՝ Հուլիանոսի, ՆՆ., “չարասիրտ, դաժան”՝ հուլիանոս, Արբ. Եր. Վն. //չարլիանոս, Պլ. //չարիլիանոս, Եվդ. և այլն։
Վերջին կազմություններում ի նկատի է առնված հռոմեական կայսր Հուլիանոս Փլավիոս Կլավդիոսը, որը իշխանությունից հեռացնում է քրիստոնյաներին և փորձում հեթանոսական կրոնը դարձնել պետական։ Խորենացին նրա մասին հիշատակում է որպես ամբարիշտ կայսեր. “Այս ժամանակներում հունաց վրա թագավորեց ամբարիշտ Հուլիանոսը. նա Աստծուն ուրացավ, կուռքերը պաշտեց, հալածանք և խռովություն հուզեց եկեղեցու դեմ...”13։ Քրիստոնեական եկեղեցին կայսերը տալիս է Ուրացող մականունը14, որն էլ պատճառ է դառնում նշված բացասական իմաստներով ածականական հոմանիշների առաջացման համար։
Սեբաստացիները խարդախ, սրիկա մարդկանց կոչում են սադուկեցի15. երբեմն այդ բառով բնորոշվում են նաև բիրտ, անխիղճ ու տմարդի անձինք։ Այս բառը սերում է Սադոկ հատուկ անունից. Սադոկը հրեա աղանդավոր էր, որ մերժում էր հոգու՝ հրեշտակների գոյությունը և մեռելների հարությունը16:
բ) Բանահյուսական և գրական ստեղծագործությունների հանրահայտ կերպարների անուններին առնչվող հոմանիշներ. Շատ հաճախ ժողովրդական ավանդությունների, լայն ճանաչում ստացած գրական ստեղծագործությունների գլխավոր կերպարներին բնորոշ գծերը հիմք են դառնում մարդկային որևէ հատկանիշ նշելու համար։ Այդպես են ստեղծվել հետևյալ ածականների հոմանիշները. “թոթով”՝ թլոր Դավիթ, Ար., “համարձակ և հախուռն”՝ ծուռ Դավիթ, Ար. Սս. Մշ., “ծույլ”՝ հուռի, Ար., “երկչոտ, վեհեր”՝ նազար, Ար. Ամս, վերգո, Մշ. Սս.//վէկո, Օշ., “խեղճ, ապիկար”՝ փանոս, Ար., “մոլոր, պարզամիտ”՝ գիքոր, Ար., “նենգ”, նաև “հզոր”՝ մսրա մելիք, Ար., “հսկա, ուժեղ”՝ տորք, Ար., “ագահ”՝ շարա, Ար., “կոլոտ”, “նիհար ու բարձրահասակ”, նաև “անհարիր”՝ շոր ու շորշոր, Ար., “խարդախ, ճարպիկ”՝ միկիտան սաքո, Աշտ. Ար., “գեշ, տգեղ”՝ մարգրիտ, Ար. Թբ. և այլն։
Այս շարքը բարբառներում բավականին ընդարձակ ու կենսունակ է և յուրաքանչյուր տարածք ունի իրեն բնորոշ բանահյուսական և գրական անուններով արտահայտված ածականական հոմանիշներ։
գ) Այլ անձնանունների առնչվող ածականներ. Նման ածականների իմաստային առնչությունը տվյալ անձնանվանը երբեմն հիշարժան որևէ անձ է (“ծեր”՝ Շահ-Աբասի քոռ ջորուն տեսած, Ար.) կամ պատմություն։ Օրինակ՝ Շահումյանի, Գյուլիստանի խոսվածքներում գուդովիչ բառը հոմանիշ է “կարմիր” ածականին, որով բնորոշելի է միայն կարմիր լոբու մի տեսակը։ Այդ լոբին շատ էր սիրում գեներալ Գուդովիչ Իվան Վասիլևիչը՝ 19-րդ դարասկզբում Վրաստանի և Կովկասի կառավարչապետը, Շաքիի, Դերբենդի և Բաքվի խանը։ Մինչև օրս Ղարաբաղում այդ լոբին կոչում են գուդովիչ լոբի, այսինքն՝ կարմիր լոբի։ Արևելյան խմբակցության բարբառներում կան նիկոլի թվի, նիկոլի վախտվա արտահայտությունները, որոնք հոմանիշ են “հին” ածականին։
Հաճախ նման ածականների իմաստային առնչությունը տվյալ անձնանվանը դժվար է բացատրել: Երբեմն դա պայմանավորվում է ուղղակի պարզ հանգավորումով։ Արևմտյան խմբակցության Պոլսի բարբառում “հիմար” ածականին հոմանիշ են անդրեաս, խենթ անդրեաս արտահայտությունները։ “Նվազ”, “թույլ”, “փոքր” ածականներին Ղարաբաղում և Արարատյան բարբառում հոմանիշ է ծիպլի Ծատուր, Ասատուր որոշիչ-որոշյալ կապակցությունը, “խարդախ”՝ Ալու գլխարկը Վալու գլխին դնող, Վալունը՝ Ալու, Աշտ. Շիր. Թբ., “շողոքորթ”՝ աղասի, Շլ., “համառ”՝ ինատ-ինատ, անունը քոռ Մուրատ, Շիր. Աշտ., “մեղկ, թուլամորթ, կանացի բնավորությամբ տղամարդ”՝ աղջիկ-կարապետ, Պլ., “հիմար”՝ օհան, Ղրբ., “խենթ”՝ Հակոն տանը չէ, Խրբ. Կր., սըփըլթորոս, Լ., սոս, Խրբ. և այլն։
Երևանի խոսվածքին բնորոշ է մըխօ ծաղրական անունը, որով կոչում էին մշեցիներին: Ենթադրելի է, որ այս ձևը առաջացած լինի Մուշ>Մշո>Մխո համաբանությամբ: Չի բացառվում նաև, որ Մուշում “Մխիթար>Մխո” անունը շատ տարածված լիներ, ինչպես ընդունված է ասել, որ գյումրեցիների կեսի անունը “Հովհաննես>Օնիգ” է:
Խեղճ ու կրակ, ողորմելի լինելը Ղարաբաղի բարբառում արտահայտվում է թՑնի (Հարություն), Պոլսի բարբառում՝ կակոս (Կիրակոս), Նոր Նախիջևանում խեղճ Աբեթ (Հայրապետ) ածականի իմաստ ստացած անձնանուններով։ “Ագահ” ածականին Պոլսի բարբառում հոմանիշ է կըլլէ Մինաս-ը, որ հատկանշում է չափազանց ագահությունը և որկրամոլությունը։ Վանի բարբառում վատ, անորակ ապրանքը ծածկաբար բնորոշվում է մարկոս բառով։ Պոլսի բարբառում ուրախ մարդուն ծաղրաբար անվանում են գըլտօր մայիս։ Օշականի խոսվածքում “պինդ, հաստ” ածականներին հոմանիշ է սողոմոնի բառը, որով բնորոշվում է հաստակեղև խաղողի մի տեսակը. այն կոչվում է նաև եզան դարի։
“Բարձր” ածականին Սիսում հոմանիշ է սոնա բառը, իսկ Հավարիկում և Վանում այն հոմանիշ է “սիրուն” ածականին։
Երևանի խոսվածքում արհամարհական իմաստ է ստացել Քերոբ հատուկ անունը, որ ունի “հասարակ”, “չնչին” իմաստները:
Ի դեպ, “անդրանիկ” ածականը, որ գրական հայերենում ունի “առաջնեկ, երեց” իմաստները, Պոլսի բարբառում ածականական իմաստով չի գործածվում. այն ունի Անթառանիգ հնչյունական տարբերակը, որ գործածելի է միայն իբրև հատուկ անուն։
Ինչ խոսք, նշված անձնանուններից մի քանիսը հասարակ անուններից են սերում, սակայն բարբառներում իմաստային անցումը հատուկ անունից վերաիմաստավորված ածականական հասարակ անունն է։
Հանդիպում են նաև այնպիսի ածականներ, որոնք կոնկրետ անձնանունից չեն բխում, այլ կազմված են իմաստանիշ բառի և որևէ անձնանվան հարմարեցումով, օրինակ՝ թուրքերեն ղազ՝ “սագ”, բառի համաբանությամբ է ստեղծված ղազարոս բառը, որ Պոլսի բարբառում հոմանիշ է “տխմար” ածականին, “սառը, անհրապույր, անհամակրելի դեմքով” մեկին Պոլսի բարբառում ծաղրաբար ասում են պաղտասար՝ “պաղ” բառի և “Բաղդասար” անվան հարմարեցումից, Բութանիայում և Պոլսում որևէ անձի կամ իրի վատ լինելը ծածկաբար կոչում են վարդան, որ հարմարեցված է վար՝ “ցած, վարի կողմ” իմաստին, այդպես և “շաղփաղփ, շաղակրատ” ածականին հոմանիշ Ղարաբաղի բարբառի վարդան-վայ անող բառակապակցությունը, որով բնորոշվում են չիմացած բանի մասին խոսող մարդիկ17։