Երազ տեսա.
Սայաթ -Նովեն
մոտս էկավ
սազը ձեռին,
Հրի նման վառման
գինու օսկեջրած
թասը ձեռին,
Նստեց, անուշ
երգեր ասավ՝
հին քամանչի
մասը ձեռին,
Էնպես ասավ,
ասես ուներ
երկնքի ալմասը
ձեռին:
Ու էն երգին
օրոր-շորոր,
ինչպես հուրի,
ատլաս ու խաս,
Երազիս մեջ
գոզալն էկավ՝
ինքն էլ վառման
քաղցր երազ.
Նազանք արավ,
Սայաթ -Նովի
սիրտը լցրեց
միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝
դեմքից քաշած
օսկեկարած
խասը ձեռին:
Նայե՜ց-նայեց
Սայաթ -Նովեն,
ամպի նման
տխուր մնաց.
Ասավ՝ Չարե՛նց,
էս գոզալից
սրտիս մե հին
մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց,
մոխիր դարձավ՝
ինքը կրակ
ու հուր մնաց,-
Դո՛ւ էլ նրա
գովքը արա,
որ գա՝ օսկե
մազը ձեռին:
Էսպես ասավ
Սայաթ -Նովեն
ու վեր կացավ,
որպես գիշեր,
նաց նորից
տխուր ու լուռ՝
սիրտը հազար
մուրազ ու
սեր.
Երազն անցավ
- դո՛ւ մնացիր,
պատկերքը քո
մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ
սիրտը մնաց՝
Սայաթ -Նովի
սազը ձեռին: